
Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր՝ «Դեբեդի գաղտնիքը» 25 մասից բաղկացած հեռուստադրաման եթերում է լինելու օգոստոսի 26-ից՝ «Արմենիա պրեմիում» հեռուստալիքով և սեպտեմբերի 2-ից՝ «ԱրմենիաTV»-ով։ Նախագծի սցենարի հեղինակն է Անահիտ Մխիթարյանը։
Նոր հեռուստադրամայի առաջին մանրամասները Ելենա Արշակյանը վստահել է Tert.am Life-ին։
«Դեբեդի գաղտնիքը»-ը բարձրացնում է սոցիալական թեմա, այն է՝ կանանց հանդեպ բռնության խնդիրը։
«Սցենարական աշխատանքները սկսվել են դեռ երկու տարի առաջ՝ 2017 թվականին, մենք 2018-ից սկսել ենք նկարահանումները։ Իրականում շատ բարդ և ծավալուն աշխատանք է կատարված թե՛ սցենարի հետ կապված, թե՛ արդեն նկարահանումների։ Նկարահանումներն անց ենք կացրել Երևանից դուրս՝ Ստեփանավանում և բավականին բարդ էին՝ շատ տարբեր դեպքեր և վտանգավար իրադարձություններ են եղել նախագծի իրականացման ընթացքում, սակայն դրանց մասին պետք է խոսել, երբ նախագիծն արդեն եթերում կլինի»,- նշեց Ելենան։
Ըստ Ելենայի սցենարի հիմքում ընկած են իրական պատմություններ։ Սցենարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում իրենք՝ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, հանդիպումներ են ունեցել պետական մակարդակով՝ զրուցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ, հանդիպել բռնության ենթարկված կանանց, այցելել Երևանում գտնվող այն կացարանը, որը տրամադրվում է բռնության ենթարկված կանանց։ Ըստ Ելենայի այս ամենն ու պատմությունները համատեղելով՝ գրվել է սցենարը․«Որպես կին, մենք որոշեցինք խոսել կանանց բռնության մասին, որովհետև մեզ վրա էլ շատ էին ազդել այն դեպքերը, որոնց հետ կապված նյութեր ենք կարդում և Հայաստանում անգամ կացնահարության դեպք է եղել»:
Ինչ վերաբերում է վերնագրի ընտրությանը՝ «Դեբեդի գաղտնիք», Ելենա Արշակյանն ասաց, որ հենց առաջին սերիայից հեռուստադիտողների համար պարզ կլինի։
«Վերնագրի ընտրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Երբ Անահիտն աշխատում էր նախածի սցենարի վրա, համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ մենք մեկնեցինք Կաննի միջազգային փառատոն: Արդեն այնտեղից վերադառնալիս՝ ինքնաթոռում, երբ Անահիտը սկսեց աշխատել նախագծի վրա՝ միանգամից վերնագրի գաղափարը եկավ, որ լինի «Դեբեդի գաղտնիքը», հատկապես, որ արդեն որոշել էինք նկարահանումներն անցկացնել այդ տարածքում»,- նշեց Ելենան։
Նախագծի շրջանակներում հեռուստադիտողները կտեսնեն ինչպես արդեն հայտնի դերասաններ, այնպես էլ նոր դեմքեր։ Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորում է դերասանուհի Էմմա Մկրտչյանը։
«Այդ ընթացքում մենք նկարահանում էինք «Կարմիր բլուր» հեռուստասերիալը և այնտեղ էպիզոդիկ դերով հանդես էր եկել Էմմա Մկրտչյանը, որը Դրամատիկական թատրոնի դերասանուհի է, և ես իրեն այդ ժամանակ նկատեցի։ Որոշ ժամանակ անց, երբ սկսում էինք այս նախագիծը՝ փնտրում էինք դերասանուհի, որը դիմած չէր լինի պլաստիկ միջամտության, կունենար հայեցի հետաքրքիր դիմագծեր: Ամեն մեկն իհարկե ինքն է որոշում իր արտաքինի հետ կապված փոխությունները, ուղղակի կերպարային մեզ հենց այդպիսի դերասանուհի էր պետք: Ընտրեցինք Էմմային և «Դեբեդի գաղտնիքը» նախագծում նա հանդես կգա գլխավոր դերով»,- նշեց Ելենան:
Վերջինս առաջին անգամ այս նախագծի շրջանակներում համագործակցել է դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ․ «Մեր առաջին համագործակցությունն էր դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ և նշեմ, որ նա բացի լավ դերասանուհի լինելուց, նաև ունի մարդկային բարձր որակներ։ Աշխատեցինք առաջին, բայց ոչ վերջին անգամ և կարծում եմ նրա հետ շուտով էլի կհանդիպենք և կաշխատենք»։
Անդրադսառնալով մյուս կերպարներին Ելենան նշեց, որ նախագծում հանդես են գալիս դերասաններ, որոնց հետ ինքը բազմիցս աշխատելու առիթներ ունեցել, այդ թվում Վրույր Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Գևորգ Գրիգորյանը։
«Մյուս կերպարներում էլ հանդես են գալիս իմ շատ սիրելի դերասանները, որնց հետ բազմիցս աշխատելու հնարավորություն եղել է՝ Վրույր Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, որոնց շատ եմ սիրում։ Արմինե Պողոսյանին շատ էի կարոտել՝ նա ամուսնությունից հետո որոշ ժամանակ բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում և երբ իմացա, որ մի ընթացք նա Հայաստանում է լինելու՝ առիթը բաց չթողնելով, առաջարկեցի և նա համաձայնեց նախագծում նկարահանվել»։
Աղբյուրը՝https://www.tert.am/life/am