Տեղի է ունեցել «Սևան ստարտափ սամիթ 2019»-ի փակման արարողությունը

Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից, ամփոփել է իր արդյունքները։

Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել  տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։

Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցել են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև նախատեսված է եղել 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափների միջև բաշխելու համար։

Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ ընտրված ForgeFiction և Eventor թիմերը Beeline ստարտափ ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնեն:

Փակման արարողությանը ամփոփվել են starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվել են հաղթողների անունները:

Starter ծրագրում, որում ընդգրկված են եղել գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող է ճանաչվել Thermoscan-ը, որն ինֆրակարմիր կամերայի օգնությամբ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը հայտնաբերելու համար ստեղծված բջջային հավելված է: 

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Soraytec-ը, որը ստեղծում է հոսանքի լարումը չափող խելացի սարք:

«Հայաստանում Beeline-ը շատ ակտիվ է մասնակցում «Սևան ստարտափ սամմիթին», այդ թվում նաև մեր փորձագետներով, ստարտափ ինկուբատորով: Եվ դա պատահական չէ, քանի որ մենք իսկապես մեզ համարում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի մաս ու ցանկանում ենք, որ երիտասարդները մեր երկրում կարողանան հեշտ ու արագ հիմնել իրենց ստարտափները, ներդրումներ ստանալ, աճել ու զարգանալ», – նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Այս շաբաթը լի էր ձեռքբերումներով և փորձություններով։ Չնայած նրան, որ Սամմիթն ավարտվեց, դեռ շատ անելիքներ կան և հույս ունենք, որ բոլորդ կրկին կվերադառնաք Սամմիթ և կօգնեք մեզ դառնալ ավելի լավը», – ասել է Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար: 

Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։

Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:

Աղբյուր` Panorama.am