Դպրոցական պայուսակները կթեթևանան նոր ուսումնական տարում. 48 անուն դասագիրք կլինի երկու հատորով

Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն՝ չորրորդ դասարան և այլն: Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր:

«Այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, որոշում կայացվեց բաժանել երկու մասի: Արդյունքում՝ դասագրքերի քաշը կթեթևանա, և երեխաները ստիպված չեն լինի ծանր դասագրքեր տանել դպրոց: Նախկինում այդ առումով շատ բողոքներ ենք ստացել, և հիմա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական բնույթ չի կրում: Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ: Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորի դեպքում: Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել:

Աշոտ Արշակյանը նշեց, որ այդ 48 անունը ոչ բոլոր դասագրքերն են: Կան դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետները դեռ չեն լրացել: Տարրական դպրոցում նրանց գործածությունը 3 տարի է, իսկ 5-ից բարձր դասարաններում հինգ տարի է:

«Նշեմ, որ կան նաև դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, սակայն երկու մասին չի բաժանվելու: Այն դասագրքերը, որոնք ունեն քիչ էջեր, դրանք տեխնիկապես հնարավոր չէ կիսել: Հիմնականում կիսվել են այն դասագրքերը, որոնք վերահրատարակության ժամկետն ավարտվել է և էջերի քանակը շատ մեծ է»,-ասաց նա:

Անդրադառնալով դասագրքերի խնդրին՝ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում նախարարությունում դասագրքերի բովանդակային փոփոխությունների մեծ ծրագիր է իրականացվում: Վերանայվում են առարկայական ծրագրերն ու չափորոշիչները, դրանցից ելնելով կփոխվեն նաև դասագրքերը:

«Դասագրքերը ժամանակի պահանջներին չեն համապատասխանում, երկար տարիներ չեն փոխվել, շատ ակադեմիական են, կան խնդիրներ նախադասությունների բարդությունների, երեխաների առանձնահատկությունների հետ կապված, տարբեր հարցեր կան, դրանք վերանայվում են»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Այդ ամբողջ գործընթացը ներառում է նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերանայում: Ներկայում նախարարությունը կառավարություն է ուղարկել օրենքի նախագիծ, որով ներկա փուլում կասեցվում են ուսուցիչների վերապատրաստումները: Խնդիրն այն է, որ չափորոշիչների և ծրագրի փոփոխություններից հետո վերապատրաստման այլ մակարդակ է սահմանվելու՝ նոր մոտեցումներով ու նոր բովանդակությամբ: Արդյունքում՝ ուսուցիչներն իրենց վերապատրաստման արդյունքներին համարժեք գնահատված կլինեն, կսահմանվեն ուսուցիչների առաջխաղացման, նրանց աշխատանքի գնահատման մեխանիզմներ: