Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների և ջրցանների շարքերը երեկ բարի նպատակով էին տեղակայված: Ջրցանները ջուր էին մատակարարում տոնի մասնակիցներին, ոստիկաններն ու շտապբուժօգնության անձնակազմն ապահովում բոլորի անվտանգ ուրախությունը: Վաղ առավոտյան տոնի մեկնարկը տրվել էր Թատերական հրապարակից՝ արձանների լվացմամբ: Այնուհետ, կեսօրից շարունակվել Գյումրու Վարդանանց հրապարակում: Տոնի «մեղավորը» Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը: Թացը չորից տարբերելու համար Գյումրի էր եկել 4300-ից ավելի հյուր: Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մինչ տոնի մեկնարկը պատկերացրել էր, որ ամեն ինչ ավելի համեստ էր լինելու, քանի որ առաջին անգամն էր Գյումրիում նման միջոցառում կազմակերպվում: «Բոլորս էլ գյումրեցիներ ենք, գիտենք, որ Վարդավառը Գյումրիում ամեն մեկն իր թաղում է խաղացել, մարդիկ էլ եղել են իջել են հրապարակ, շատրվանների մոտ են խաղացել: Եվ ես մտածում էի, որ սկսեմ նախաձեռնությունը, իմ ընկերներին միացնեմ այս նախաձեռնության PR-ին, ինչ-որ զգալի հատված, մոտ 2000 մարդ եթե առաջին անգամվա համար կարողանանք կենտրոնացնել Գյումրու հրապարակում, կարելի էր հաջողություն համարել: Մեջս այդ պահին խոսում էր մեդիա-պրոդյուսորի ինտուիցիան: Բայց երեկ սպասելիքներս ոչ թե արդարացան, այլ աննորմալ ձեւի արդարացան, որովհետեւ մենք դրոնով նկարել ենք, եւ միջոցառման պիկի ժամանակ՝ 13:45-ի սահմաններում հաշվել ենք 4300 մարդ: Բայց շատերն էլ եկել, ջրվել, ուրախացել, գնացել են: Մենք ճանապարհային մոնիտորինգ ենք արել, թե ինչքան նոր մեքենա է մտել Գյումրի: Մեր հաշվարկով թիվը հասել է 5000-ի: Սա Գյումրու համար ֆենոմենալ ցուցանիշ է: Ես էդ ընթացքում խոսել եմ բոլոր սրճարանատերերի հետ, ասել են իրենց մոտ ասեղ գցելու տեղ չկա: Խոսել եմ հին ընկերներիս հետ, ովքեր ռեստորանային բիզնեսի մեջ են: Ասում են այս երկու օրերին ռեստորան մտնող մարդիկ բոլորը նոր դեմքեր են, այսինքն մշտական այցելողները չեն: Հանդիպել եմ մարդկանց, ովքեր Լիոնից են եկել, Փարիզից, Մոսկվայից, Ամստերդամից ու Պետերբուրգից: Մարդ էլ կար, հաղորդագրություն էր ուղարկել, թե իր չվերթը չի հմապատասխանում, ԱՄՆ-ից են գալիս, կարո՞ղ են արդյոք վաղը Գյումրիում Վարդավառի տոնակատարության մասնակցել»,-ասաց Մխիթարյանն ավելացնելով՝ պետական ռեսուրսից ծախսվել է միայն ջուր, մնացած ծախսերը հոգացել է ընկերների հետ:
Տոնի մեկնարկին 2200-ից ավելի դույլ է նվիրվել հյուրերին, գյումրեցիները հրապարակ են եկել սեփական դույլերով: «Ոչ թե իմ սպասելիքներն, այլ իմ քաղաքի սպասելիքներն արդարացան: Մենակ էն, որ ջրի բարձր շիթը ջրում էր, ու իմ քաղաքի երիտասարդները, մոտ հազար մարդ պարում էր ժամանակակից երաժշտության տակ, ինձ համար ամենամեծ գնահատականն էր դա: Իմ քաղաքի տոնը ստացվեց, իմ քաղաքի ցավը տանեմ: Բոլոր նրանք, ովքեր եկան, անսահման ուրախություն պարգեւեցին բոլոր երիտասարդներին ու երեխաներին: Ավելին, մի պահ քաղաքապետարանի մոտ ինձ թվաց, թե Գոռ Հակոբյանը կարող է խեղդվի: Մոտ քառասուն դույլով ջրում էին, նկարում էին, Աղասը նույն ձեւի, ես ասի խեղդվում է, Ամարասի Վիկան: Բայց ամենաշատն այսօր ջրվել եմ ես, նշանակետի տակ էի»:
Այն հարցին, թե ինչպե՞ս որոշվեց Գյումրիում նման տոն անցկացնել Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ պատճառը եղել է արձակուրդն ընտանիքի հետ Գյումրիում անցկացնելու որոշումը: «Որոշեցի չգնալ Եվրոպա, չգնալ ռուսական կուրորտ, որոշեցի էս տարի տասը օր ընտանիքով մնալ Գյումրիում: Եվ մտածեցի, եթե եվրոպայի տարբեր երկրներում ամառային տոներ կան եւ հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում, ինչու հնարավոր չէ Գյումրիում եւս անցկացնել այնպիսի Վարդավառ, որ ամբողջ աշխարհն այդ մասին խոսի: Եվ փառք Աստծո, էն ինչ-որ նախատեսել էի, մեդիա-պրոդյուսորի նյուխն աշխատեց, հլը չեմ ծերացել»,-կատակեց Ռուբեն Մխիթարյանը:
« Ես իրոք ցանկանում եմ, որ Գյումրին դառնա այսօրվա Հայաստանի այն քաղաքը, որտեղ տարանջատումներ չեն լինելու մարդկանց մեջ: Բոլորը բոլորին կսիրեն, բոլորը բոլորն կհարգեն և ընդհանրապես ոչ մի տարբերություն չի լինի, ինչպիսին է մարդը, ինչ պատկերացումներ ունի, ինչ նախասիրություններ ունի, հարուստ է, աղքատ է, խելացի է, թե անգետ կապ չունի, մենք պետք է բոլորս բոլորիս հարգենք, անկեղծ սիրենք: Երեկ մենք Գյումրիում ապացուցեցինք, որ պատրաստ ենք դա անելու հերթը Հայաստանի մյուս քաղաքներինն է: Ու եթե Հայաստանի մյուս քաղաքներում դեռևս չեն տիրապետում այդ արվեստին, ապա մենք պատրաստ ենք մեր փորձի փոխանակում անել, տեղափոխել Հայաստանի այլ քաղաքներ: Կարծում եմ այդպես էլ կլինի» :
Ի դեպ, ամենակարեւոր ընդգծումը: Վարդանանց հրապարակում մոտ հինգ հազար մարդ կար, որեւէ պատահար ու միջադեպ չի գրանցվել: Գյումրին, ըստ Ռուբեն Մխիթարյանի, մեկ անգամ եւս ապացուցեց, որ իսկապես մշակութային մայրաքաղաք է: Գյումրին ու գյումրեցին ուրախանալիս ուրախանալ, տխրելիս, ցավոք, տխրել գիտի: Այսօրվա երիտասարդությունն ապացուցեց. ոչնչով չի տարբերվում եվրոպական ամենազարգացած երկրների երիտասարդներից: