Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը թանգարանի կվերածվի

Հայկական եկեղեցին վերանորոգումից հետո օգնելու է զբոսաշրջության զարգացմանը։

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը:

19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ։

Այժմ եկեղեցին վերանորոգվում է։ Աշխատանքների համար հատկացվել է 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա:

Գյուրուն բնակավայրի քաղաքապետ Նամի Չիֆթչին ասել է, որ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո օգնելու է զբոսաշրջության զարգացմանը։

Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:


Աղբյուրը` armeniasputnik.am