Մոտ 70 ջրի ուսապարկ կտրամադրվի հատուկ նշանակության հետախուզական խմբերին

Հատուկ նշանակության հետախուզական խմբերի համար պատվիրված ջրի ուսապարկերն արդեն Հայաստանում են:  «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց  «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ ԴավիթԹորոսյանը:

«Նախնական հաշվարկներով հետախուզական մի խմբին հատկացնելու ենք մոտ 40, մյուսին՝ մոտ 30 ջրի ուսապարկ: Դրանք այս անգամ երկու տեսակի են լինելու՝ ժամկետայիններին կտրվի զինվորական համազգեստի նախշերով ջրի ուսապարկ, իսկ պայմանագրայինների համար գույները մի փոքր այլ են՝ իրենց աշխատանքային ռելիեֆներին համապատասխան»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ իրենք մշտապես առաջնորդվում են «Լավագույնը՝ մեր զինծառայողներին» կարգախոսով:

Նա շեշտեց, որ այս անգամ դրամահավաք, բանկային հաշվեհամարներ որպես այդպիսին չեն եղել: 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի գրառում էի  արել, որ նմանատիպ գաղափար ունեմ, ինչին արձագանքած ընկերներիս շնորհիվ անհրաժեշտ գումարը հնարավոր եղավ հավաքել անգամ 1 օրից ավելի քիչ ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 101  հազար դրամ, ինչպես նաև «Ջրի ուսապարկեր Թալիշի դիրքապահներին» ծրագրից խնայողություններ էին մնացել»,- ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահը:

Ինչպես նախորդ ծրագրում, այնպես էլ այս անգամ ջրի ուսապարկերը գնվել են Չինաստանից, որտեղից կրկին եղել են զեղչեր՝ այս անգամ մոտ 40 տոկոս: Ջրի ուսապարկերից յուրաքանչյուրն արժեցել է 6 ԱՄՆ դոլար:

«Ջրի ուսապարկերը մենք անձամբ ենք հանձնելու հետախուզական խմբերին, ուղղակի սպասում ենք Պաշտպանության բանակի թույլտվությանը: Վերադառնալուց հետո կսկսենք մյուս ծրագրի նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ծրագրերն իրականացնելուց առաջ անպայման ուսումնասիրում է կարիքներն ու անհրաժեշտությունը:

«Անապատային հատվածներում, որտեղ ջրի խնդիրը մի փոքր շատ է, այս ուսապարկերի միջոցով այն որոշ չափով լուծվում է»,- եզրափակեց Հովհաննիսյանը: