«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը՝ հավելելով, որ կա պատվեր, կա կատարող: «Շուտով մենք հանրությանը կներկայանցնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ առայժմ փակագծեր չի բացելու:

Նշենք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում բերման էին ենթարկվել Հայաստանում գտնվող «օրենքով գողերը», խուզարկվել մի քանիսի բնակարանները:

Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին: Սպանությունից շաբաթներ անց, սակայն, այն մնում է չբացահայտված:

Աղբյուրը` armtimes.com