ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ին կառավարության նիստում անդրադարձել է երեկ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի գործընկերներ, երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել. ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, 2 քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այսպիսով, ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, բայց այդ մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք: Այժմ ոստիկանության պետի տեղակալ պարոն Մովսիսյանը նոր է վերադարձել Իջևանից: Պարոն Մովսիսյան, զեկուցեք՝ ի՞նչ է տեղի ունեցել երեկ, և ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան – Պարոն վարչապետ, ինչպես նշեցիք, ապօրինի ծառահատման կանխման շրջանակում միջոցառումներ էին իրականացվում Լոռու և Տավուշի մարզի տարածքներում: Տեղավորվել էին անշարժ պահակակետեր՝ այն կարևոր ուղիներով, որոնցով կարող էին արտահանվել այդ ապօրինի ծառահատված քանակները, որը դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, ովքեր զբաղվում են ապօրինի ծառահատումներով, և նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերին կարգավորման ընթացք տալ: Այդ կապակցությամբ երեկ՝ հուլիսի 17-ին, Իջևան քաղաքում մի քանի անգամ փակվեց և բացվեց Իջևան-Վրաստան մայրուղին և Իջևանի Երևանյան փողոցը: Մոտ 500 հոգի անձանց կողմից պահանջ էր դրվում, ինչպես Դուք նշեցիք, կառավարությանը, որպեսզի հանեն այդ անշարժ պահակակետերը և թույլ տան իրենց այդ ապօրինի ծառահատված քանակն արտահանել մարզերից, բնականաբար, երևի վաճառքի նպատակով:
Ժամը 18:00-ի շրջանում չենթարկվելով Ոստիկանության օրինական պահանջներին և փակելով արդեն բավական մեծ քանակով՝ մոտ 500 հոգով մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակում պատնեշ էր կազմել և ուզում էինք բացել փողոցները: Այդտեղ տեղի ունեցավ բախում, և այդ բողոքավոր հատվածը՝ քարերով, փայտերով, մահակներով, վնասվածքներ պատճառեցին մեր մի խումբ ոստիկաններին, ինչպես նշեցիք, 12 հոգու և 2 հոգու քաղաքացի տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն: Այո, փառք Աստծո, որ վնասվածքները լուրջ չեն և վտանգավոր չեն: 8 հոգի այժմ հոսպիտալացված են Ոստիկանության հոսպիտալում, վիճակը բավարար է, 2-ը կմնան, 6 կգնան ամբուլատոր հսկողության տակ: Եվ այդ պարագայում Ոստիկանության պետը որոշում կայացրեց ավելի ուժեղացված ծառայություն իրականացնել տեղում, որի կապակցությամբ ինքն անձամբ հիմա այնտեղ է գտնվում, գնաց այնտեղ և Ոստիկանության զորքերից մի մաս մենք տեղափոխել ենք Իջևան: Բանակցություններ վարվեցին ակտիվիստների հետ, որի ընթացքում նույն ձևով ներկայացվում էր պահանջ, որ հանեն պահակակետերը, պետությանն ինչ-որ պահանջներ էին ներկայացվում: Ոստիկանության պետը բացառեց որևէ անօրինական ձևով այդ հարցի լուծումը և հորդորեց, որ նման իրավիճակը չստեղծվի, և բացեն փողոցները: Համագործակցելով նաև մնացած իրավապահ մարմինների հետ՝ իրավիճակը տվյալ պահին վերահսկվում է, մայրուղիները բաց են, պարոն վարչապետ, Ոստիկանության պետը գտնվում է այնտեղ: Հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիտեում՝ 38, 10, 12, 19 համարով քրեական գործն է հարուցվել. 258 հոդվածի՝ խուլիգանություն և 316 հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով այդ հոդվածներով գործ է հարուցվել: Իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում 19 հոգի բերման են ենթարկվել: Մենք հայտնաբերեցինք ակտիվիստներին և 19 հոգու բերման են ենթարկել, որոնցից այս պահին 13-ը ձերբակալված են, մնացածը ստորագրությամբ բաց են թողնված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, պետք է շուրջ 36 հոգի, առավել կազմակերպիչները բերման ենթարկվեին: Տվյալ դեպքում ակտիվիստ բառն օգտագործելն այդքան էլ պատեհ չէ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ ակտիվիստ ասել: 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան – Պարոն վարչապետ, գիշերն իրականացվեցին օպերատիվ գործողություններ. բոլորի հասցեներով գնացել էին խմբեր, որ բերման ենթարկվեին այդ անձինք, որոնց ցուցակը մենք ունեինք: Բայց չլինելով տեղում, բացակայելով բնակության վայրից՝ հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Այդ թվաքանակից 19-ն են բերման ենթարկվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բացառե՞լ եք նրանց հանրապետության տարածքը լքելը:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան- Այո: Մենք բացառել ենք նրանց՝ հանրապետության տարածքը դուրս գալու հնարավորությունը և հիմա էլ միջոցառումներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ պետք է հայտնաբերվեն, առնվազն բերման ենթարկվեն, նրանք, ովքեր ձերբակալման ենթակա են, ձերբակալվեն:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան –Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գործը քննվում է Քննչական կոմիտեու՞մ:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան – Գործը գտնվում Տավուշի մարզի քննչական վարչությունում, և հիմա էլ Ոստիկանության պետը գտնվում է Իջևանում: Մեր ուժերն ուժեղացված վիճակում այնտեղ են, որովհետև հնարավորություն կա, որ դժգոհություն առաջացնի նաև այդ հանգամանքը, որ մի քանի հոգու բերման են ենթարկել և ձերբակալել, և կարող է նորից փորձեն փողոցը փակել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին խնդրենք տեղեկատվություն տալ քրեական գործի ընթացքի վերաբերյալ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյան – Պարոն վարչապետ, ինչպես նշվեց, Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 258 հոդվածի խուլիգանության և ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով: Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ գործն անմիջապես հանձնարարվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: 13 անձ ձերբակալված են, ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում նաև մնացած անձանց տվյալները ճշտելու, կոնկրետ դեպքերին նրանց մասնակցությունը, գործողությունները անհատականացնելու և ըստ դրա որոշումներ կկայացվեն նրանց հետագա ճակատագրերի հետ կապված: Իրավական գնահատական կտրվի նրանց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Գրիգորյան, ես կուզենայի, որ մենք անդրադառնայինք ակցիայի մասնակիցների պահանջների օրինականությանը և, որ կարևոր է, արդարացիությանը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է տեղի ունենում այդ ոլորտում, ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այս թեմայով խոսակցություն նույնպես ունեցել ենք: Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք էկրանների առաջ ամբիոններից հայտարարություններ ենք անում, ինչ-որ մարդիկ մեզ նայելով քմծիծաղ են տալիս և 1, 2, 3 օր դադարից հետո իրենց նույն գործողությունները նույն ձևով շարունակում: Խնդրում եմ ներկայացրեք այս իրավիճակի առնչությունն օրենքի և օրինականության հետ:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Նախ` ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 2 շաբաթ առաջ Ազգային ժողովի կողմից ընդունվեց Քրեական և Վարչական օրենսգրքերում փոփոխություն իրականացնելու օրենսդրական փաթեթը, որով առաջին անգամ քրեականացվեց ապօրինի անտառհատման ժամանակ վարչական իրավախախտումից հաջորդ դեպքի ժամանակ քրեականին անցնելը: Մի քանի շատ էական փոփոխություններ նախատեսվեցին, և այդ փոփոխությունների փաթեթը մշակվել է Դատախազության և Քննչական կոմիտեի հետ: Այդ փաթեթի ամբողջ էությունը նրանում էր,ո ր մինչ այժմ օրենսդրական այն սողանքները և բաց տարածքները, որոնք կային և որոնց միջոցով հնարավոր էր անընդհատ, պարբերաբար հատումներ կատարել և բռնվելու դեպքում միայն վարչական որոշակի վճարումներ կատարելով ազատվել, այս փոփոխություններն ամբողջությամբ փակում են: Սահմանվել են և՛ կազմակերպված գործունեության հետ կապված, և՛ շահադիտական նպատակով տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք մինչ այժմ կանոնակարգված չէին, ինչպես նաև վարչականից քրեականին անցումը: Երեկ նաև այդ ակցիայի ժամանակ բազմաթիվ անգամ մասնակիցների կողմից շեշտվեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, քրեականացվել են արդեն որոշ հարցեր, և իրենց բարձրացրած հարցերը, ըստ էության, վերաբերում էին թուղթ ունենալուն՝ թուղթ և ոչ փայտ՝ թղթով ուղղակի տեղափոխել ապօրինի այդ ծավալները դեպի ոչ անտառապատ տարածքներ: Ուզում եմ նշել, որ տարակարծություն չլինի, խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու հարցի մասին, որովհետև և՛ տրամադրվում է թափուկ վառելափայտ անվճար և անցյալ տարի շատ մեծ քանակի տրամադրվել է, և այնտեղ կան հնարավորություններ, որպեսզի մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, իրենց վառելիքի չափը որոշակիորեն կարողանան բավարարել: Ամբողջ ակցիայի նպատակը՝ հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտը և փայտը ընդհանրապես: Ոստիկանության և տեսչական մարմնի կողմից դրված այդ պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար: Եվ բացի այդ, այն փաստաթղթերը՝ անտառհատման տոմսերը, որոնք երկար տարիների ընթացքում վերցրել են, մեկ անտառհատման տոմս ենթադրենք 8 խմ կամ 5 խմ համար և ամիսներով այդ անտառհատման տոմսով անընդհատ շրջանառվել և ցույց է տրվել օրինականություն, դա նույնպես Ոստիկանության և տեսչական մարմնի կողմից արդեն ֆիքսվում է և հնարավոր չէ երկրորդ անգամ օգտագործել: Այսինքն՝ մի շարք գործոններ, որոնք էականորեն դժվարացնում են ապօրինի անտառհատման հետ կապված շարժը:
Պարոն վարչապետ, նաև ուզում եմ տեղեկացնել, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված այս պահին տարբեր անտառտնտեսություններում, անտառապահներ, անտառապետեր, և այդ գործընթացը շարունակական է: Այս պահին նաև Լոռու մարզում շատ մեծ իրավական գործընթացներ կան: Հազարավոր հատված ծառեր, որոնք ֆիքսվում են հիմա, որովհետև եթե վիճակագրությունը նայենք շատ երկար տարիների համար, ունենք ֆիկտիվ որոշակի թվեր, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: Հիմա օրենսդրական փոփոխությունները, Ոստիկանության, Տեսչության և մեր կառույցների համատեղ աշխատանքը, նաև կադրային փոփոխություններ են տեղի ունեցել վերջերս Իջևանի անտառտնտեսությունում, փոխում են իրավիճակը, բայց ուզում եմ նաև նշել, որ սա ընդհանուր, նաև Հայաստանի համար կենսական նշանակության հարց է և ոչ անտառի, որովհետև անտառի այս լայնածավալ և հսկայածավալ հատումները, որոնք երկար տարիների ընթացքում եղել են և նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը համապատասխանեցվել է, որպեսզի պատժի մեխանիզմները բավարար չլինեն, դրանք իրենց հետ բերում են նաև այլ խնդիրներ՝ ջրերի հետ կապված, ոռոգման հետ կապված, որովհետև դեգրադացված անտառներն նաև իրենց հետագա խնդիրներն են առաջ բերում: Ես, առիթից օգտվելով, ուզում եմ նաև նշել, որ ամենայն խստությամբ և հնարավորինս ուժեղ պատիժ պետք է հիմա նախատեսվի, որովհետև այստեղ խոսքը չի գնում գյուղացիների կողմից իրենց սեփական կարիքների համար փայտ կտրելու մասին, ինչպես երկար տարիներ անընդհատ ներկայացվել է, որ հատումները չեն կարող նվազել, քանի որ գյուղացիներն իրենց տունը տաքացնելու և երեխաներին տաքացնելու համար այս միջոցառումները պետք է իրականացնեն: Շարունակական է, բայց այս օրենսդրական փաթեթը, պարոն վարչապետ, ես շատ կարևորում եմ: Սա շատ ուժեղ կանխարգելիչ ազդեցություն կարող է ունենալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ ճիշտ դիտարկում եք անում: Երբեմն այնպիսի տպավորություն կարող է ստացվել կողքից, որ ասենք Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել և վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ: Հասկանալի է, այո, վերջերս, եթե չեմ սխալվում, Դուք ասացիք տարբեր տեղերում կան քրեական գործեր, բայց եթե չեմ սխալվոմ, մենք ունենք քրեական գործ Ազգային անվտանգության ծառայությունում՝ հենց կազմակերպված ցանցի կողմից այդ գործողություններն իրականացնելու: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաև, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն:
Պարոն Մովսիսյան, ասում եք՝ կարող է էլի դրսևորումներ լինեն, ուզում եմ հստակ լինենք. ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ և այստեղ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել, և սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է:
Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք այստեղ միայն պատժողական տրամաբանությամբ պիտի չառաջնորդվենք: Դուք խոսեցիք զուտ բնապահպանական տրամաբանության մասին, բայց շատ կարևոր է արձանագրել ևս մի բան: Օրինակ, այսօր Տավուշի մարզը տուրիզմի առումով ամենադինամիկ և ամենամեծ զարգացումն ապահովող մարզն է: Հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից գալիս են ուղղակի անտառում քայլելու, ուրիշ որևէ բան այդ մարդկանց չի հետաքրքրում: Եվ մենք պետք է կարողանանք մեր հայրենակիցներին, ի վերջո, հասցնել, որ անտառը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել:
Իմիջիայլոց, ես ուզում եմ ասել՝ եկեք գնանք Իջևանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Բերդում, մարդիկ կան, որ 30 տարի անտառ կտրելով են զբաղված, շարքային քաղաքացիներ, նրանք ինչպես աղքատ եղել են, այդպես էլ շարունակում են աղքատ մնալ, նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում: Այո, շատ փոքր խումբ մարդիկ՝ մի քանի հոգի, նրանց աշխատանքի և, ըստ էության, նրանց շահագործելու արդյունքում հարստանում են, բայց այն բուն, այն սևագործ մարդկանց կյանքում, ովքեր այդ բենզապիլան ձեռքներին անտառներում զբաղված են այդ փայտը քարշ տալով և բեռնատարների մեջ բարձելով, նրանց կյանքում վերջին 30 տարում ոչ մի բան չի փոխվել. ինչպես եղել են խեղճ ու կրակ, այդպես էլ մնացել են խեղճ ու կրակ: Եվ այս փաստը պետք է վկայի մեզ բոլորիս, որ գնում ենք սխալ ճանապարհով: Պետք է այդ անտառը մեզ համար լինի ոչ թե ոչնչացման միջոցով ինչ-որ նյութական միջոցներ ձեռք բերելու միջոց, այլ, ընդհակառակը, անտառի պահպանման միջոցով պետք է մենք կարողանանք նյութական միջոցներ գեներացնել:
Թեմայի համատեքստում քննարկումը շարունակվել է այլընտրանքային վառելիքի արտադրության հարցի շուրջ: