Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկությունում հաղթած 15-ամյա Սուսաննա Ստեփանյանը չի պատրաստվում բավարարվել իր հաղթնականերով և ուզում է ավելի մեծ հաջողությունների հասնել։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային և պատմեց ձյուդո մարզաձևի առանձնահատկությունների, իր հաջողության գաղտնիքների և ապագա ծրագրերի մասին:
«Երբ առաջին անգամ իմացա ձյուդոյի մասին, 9 տարեկան էի: Հիմա արդեն շատ ուրախ եմ, որ այս մարզաձևն եմ ընտրել: Ձյուդոյի մեջ կա արագաշարժություն. սա է ամենաշատն ինձ գրավում»,- նշում է Սուսաննան՝ խոստովանելով, որ ուզում է իր մարզչին նմանվել, որովհետև նվիրվածության ու ճիշտ աշխատանքի արդյունքում է, որ ինքը հաղթանակներ է գրանցում:
Ինքը՝ մարզիչ Արտյոմ Բաղդասարյանն անկեղծանում է՝ Սուսաննան միակն է, ում առաջին իսկ հաճախումները խոստումնալից էին: «Հենց առաջին օրվանից եմ հավատացել նրա հաղթանակներին: Զգում էի՝ իր նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ հաջողությունների կհասնի: Չեմպիոն դառնալու ցանկությունը Սուսիկի մեջ շատ է և հենց այդ ցանկության, աշխատասիրության ու հավատի շնորհիվ է նա հաղթում»,-նշեց մարզիչը:
Այսօր արդեն Սուսաննային հաղթելը շատ դժվար է: Հայաստանում քիչ են աղջիկ ձյուդոիստները և ստիպված մրցումների ժամանակ նա ուժերը չափում է տղաների հետ: Բայց վստահեցնում է՝ դա միայն գոտեմարտերի ժամանակ. մարզումներից դուրս դեռ իր ուժն ու ճարպկությունը տղաներին ցույց չի տվել:
«Հայաստանում իմ քաշային կարգում աղջիկ ձյուդոիստ չկա և այդ պատճառով գոտեմարտել եմ տղաների հետ և բոլորին հաղթել: Միջազգային մրցումների ժամանակ դա չի թույլատրվում»,-ասաց Սուսաննան:
Պատանի մարզուհին պարապում է շաբաթը 6 օր, օրական 2-2,5 ժամ: Հետևում է սննդակարգին, ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելու փոխարեն սիրում է դիտել ձյուդոյի տարբեր գոտեմարտեր:
«Ամբողջովին նվիրված եմ այս սպորտաձևին ու մինչև վերջ գնալու եմ՝ մինչև օլիմպիադա: Եղած հաղթանակներով չեմ սահմանափակվի: Ամեն ինչ անելու եմ նպատակիս հասնելու համար»,-ասում է Սուսաննան:
Առջևում սեպտեմբերի 25-28-ը Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այս անգամ ևս պատանի մարզուհու երազանքը միայն մեկն է՝ հաղթանակ:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում էր 30 երկրի ավելի քան 400 ձյուդոիստ, Սուսաննա Ստեփանյանը 4 հաղթանակ է տարել: Հայաստանը նմանատիպ հաղթանակ մինչ այս չի ունեցել: Մասնագետները վստահեցնում են՝ Սուսաննայի հաղթանակի շնորհիվ մարզաձևի զարգացումը նոր թափ կստանա: