Դավիթ Սահակյանցը լքում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը. Պատճառը «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրված ֆիլմերն են

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը որոշել են դուրս գալ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից, նրանք միությունից դուրս գալու դիմում են գրել։Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սահակյանցը։

Նրա խոսքով՝ այսպիսի որոշում են կայացրել, քանի որ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցի մասնիկը լինել.  «Որոշել եմ դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից, քանի որ միության նախագահը Հարություն Խաչատրյանն է, ով  երկար տարիներ փորձում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրել ֆիլմեր, որոնք ես համարում եմ անընդունելի։ Վերջապես նա հասավ իր նպատակին, այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, եւ այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ։ Իմ դիմումը պատասխանն էր այս ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել մի միության մասնիկ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է, որը նպաստել է, որ այդ ֆիլմը ցուցադրվի եւ մրցանակ ստանա։ Ուստի ես գնացի այդ քայլին՝ ցույց տալու համար, որ չեմ կիսում այն ամենը, ինչ կատարվում է»։

Հարցին՝ միայն Հարություն Խաչատրյանն է պատասխանատո՞ւ այդ ֆիլմերի ցուցադրության համար, Դավիթ Սահակյանցը արձագանքեց. «Ոչ, բայց ես կարծում եմ, որ այդ ամենի մասնիկն է Հարություն Խաչատրյանը եւ պատասխանատուն էլ հենց Հարություն Խաչատրյանն է»։

Հետաքրքրվեցինք՝ եթե Հարություն Խաչատրյանը հեռանա, պատրա՞ստ է վերադառնալ միություն, նա նշեց, որ դրա մասին չի մտածել. «Կինոմատոգրաֆիստների միությունը անհասկանալի կառուց է դարձել, եթե նախկինում Ռուսաստանի կինոգործիչների միության հետ շփում կար, այդ գրքույկով հնարավոր էր մտնել ցանկացած կինո արարտադրող ստուդիա ՌԴ–ում, հիմա այդ ամենը նմանվում է ֆարսի, ընդհանրապես միությունը իր կառուցվածքը պետք է փոխի եւ նոր գործելաոճ ընտրի իր համար։ Ընդհանարապես ես վերադառնալու մասին չեմ մտածում։ Շատ գործեր ունեմ, որոնք կարող եմ հանգիստ անել՝ չլինելով այդ միության անդամ»։

Դավիթ Սահակյանցը փոխանցեց, որ մայրը՝ տիկին Սահակյանցը, որը 30 տարի եղել է միության անդամ, նույն պատճառներով է ցանկանում լքել միությունը։

Աղբյուրը` news.am