Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է եւ որի օգտակար գործողության գործակիցը ցածր է. «Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը նաեւ գալիս է հնին փոխարինելու: Սա կառուցվելուց հետո հինը շահագործումից կհանվի:
«Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է, գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարում ընդհանուր էլեկտրաէներգիան: Արտադրում է բավականին թանկ սակագնով: Միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամ ավելի է: Բացի վառելիքային բաղադրիչը, շուրջ 10 դրամ էլ ունի իր ծախսերի ապահովման համար: Այսինքն՝ հին ՋԷԿ-ի սակագինը 40-41 դրամ է հասնում: Այս նոր ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի վրա շուրջ 4 դրամ ավելի էժան է լինելու, եթե ընդհանուր սպառողների վրա տարածենք, 1-1,5 դրամ սակագնի նվազեցում կբերի»,-ասաց Բաղրամյանը:
Բաղրամյանի խոսքով՝ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, որը նշանակում է, որ մեկ կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում եւ բնականաբար ավելի էժան էլեկտրաէներգիա է ստացվում:
Աղբյուրը` armtimes.com