Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակն էլ նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով բարձր է: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Բացի այդ, ըստ նրա, 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով լցվել է Սևանա լիճ։
Անդրադառնալով մաքրման աշխատանքներին՝ Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ նախատեսվում է երկու տարվա ընթացքում մաքրել 770 հա տարածք:
«Տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում աշխատանքները կատարվել են 30 տոկոսով, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել է ջրի մեջ։ Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել»,- ասաց Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ պետությունը տարբեր տարիներին Սևանի մաքրման համար գումարներ է հատկացրել, սակայն իրականում ոչինչ չի արվել:
Նրա խոսքով՝ 2011-2017 թթ-ի մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ նախահաշիվներ և այլն, տրամադրվել է Գլխավոր դատախազությանը։
Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ նշելով, որ կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե երեք քաղաքներում՝ Մարտունիում, Գավառում և Վարդենիսում, կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։
Աղբյուր` Panorama.am