Մեկնարկեց տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը և այդ կապակցությամբ առաջարկում ենք ուշադրություն դարձնել այն կարևոր կետերին, որոնք պետք է իմանալ այս տարվա փառատոնի մասին:
Գնային քաղաքականություն
Ավանդական 500 դրամանոց տոմսերի փախարեն այս տարի տոմսերի արժեքը սկսվելու է 1000 դրամից և չի գերազանցելու երևանյան կինոթատրոնների սովորական ֆիլմերի սեանսների տոմսերի արժեքը: Մինչև ժամը 18:00-ը ցուցադրությունները կարժենան 1000 դրամ, իսկ երևանյան պրեմիերաները՝ 2000-2500 դրամ:
Տոմսերի թանկացումը պայմանավորված է նրանով, որ կազմակերպիչները ցանկանում են, որ մարդկանց մոտ զարգանա կինո գնալու, տոմսի վրա գումար ծախսելու մշակույթը:
Տոմսը կարող եք ձեռք բերել նաև iDram-ի միջոցով: Այդ դեպքում դուք 50 % cashback-ի հնարավորություն կունենաք:
Նորություն
Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում վաճառվելու են պայուսակներ, շապիկներ, պաստառներ և բոլոր այն մարդիկ, որոնք տանը որպես հուշ ցանկանում են ունենալ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հետ կապված ինչ-որ բան, կարող են դրանք ձեռք բերել: Կազմակերպիչները փորձել են անել այնպես, որ դրանք մաքսիմալ մատչելի լինեն, քանի որ վստահ են, որ նախընտրելի է ունենալ փոքր թվաքանակով, բայց շատ որակյալ իրեր:
Բացօթյա ֆիլմերի ցուցադրություն
Որոշակի դադարից հետո այս տարի փառատոնը վերսկսում է բացօթյա ֆիլմերի ցուցադրությունը: Առաջին բացօթյա ցուցադրությունը կանցկացվի այսօր «Մոսկվա կինոթատրոնի» ամառային դահլիճում: Այսօր կցուցադրվի Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» (“The Dreamers”) ֆիլմը:
Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսորն անցած տարի կյանքին հրաժեշտ տվեց և այս քայլով փառատոնի կազմակերպիչները ցանկանում են պատվել նրա հիշատակը:
Բացի այդ հուլիսի 10-ին «Մոսկվա կինոթատրոնի» ամառային դահլիճում հնարավորություն կունենաք դիտել Կլեր Դընիի «Բարձրաշխարհիկ կյանք» (“High Life“) ֆիլմը, որում գլխավոր դերով հանդես է եկել Ռոբերտ Փեթինսոնը:
Քանի որ Ազգային ժողովը վերածվել է հանրային տարածքի, ապա դրա այգում կցուցադրվի Ֆրանկո Ձեֆիրելլիի «Թեյախմություն Մուսոլինիի հետ» (“Tea with Mussolini“) ֆիլմը, որտեղ ի դեպ նկարահանվել է հայազգի Շերը:
Ֆիլմեր Գյումրիում
Փառատոնի ընթացքում ֆիլմեր կցուցադրվեն նաև Գյումրիում: Վաղը՝ հուլիսի 9-ին Գյումրու «Հոկտեմբեր»թատրոնում տեղի կունենա ԱՊՀ երկրների ծրագրի բացումը և կցուցադրվի Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերով հանդես է գալիս հայազգի Համբարձում Կաբանյանը:
Ինֆորմացիոն կենտրոններ
Հետևելով «Ոսկե ծիրանի» նշաններին, կարող եք գտնել այն ինֆորմացիոն կենտրոնները, որտեղ և կգտնեք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև ծրագիրը: Բացի այդ՝ ծրագրերը կլինեն նաև հավելվածի տեսքով: Վերջինիս (հավելված) միջոցով կարող եք տեղեկանալ, թե որտեղ ինչ միջոցառում կամ ցուցադրություն կա:
Փառատոնի մասնագիտական կողմը
Փառատոնի մասնագիտական մասը բաղկացած է մի քանի բաժիններից: Դրանցից մեկը Gaiff Pro հարթակն է, որտեղ նախագծերը և “in progress” վիճակում գտնվող ֆիլմերը գալիս են գործընկերներ գտնելու: Այսինքն Gaiff Pro-ի նախագծերը ֆիլմեր չեն կարող կոչվել:
Այս հարթակը գործում է անցած տարվանից:
Երկրորդը կամպուսն է, որը հիմքը դրվել է այս տարի: Այստեղ սկսնակ ֆիլմերն են ներկայացված, որոնք դեռ պետք է հղկվեն, ու միայն այդ դեպքում կարող են Gaiff Pro-ում ընդգրկվել:
Talent Lab
Այս տարի առաջին անգամ գործում է Talent Lab-ը, որը բաղկացած է 4 աշխատարանից: 4-5 օր տևողությամբ խորացված կրթական ծրագրերը նախատեսված են կինոդերասանների, կինոռեժիսորների և պրոդյուսերների, կինոնկարիչների և կինոքննադատների համար:
Տարիքային սահմանափակում չկա, սակայն կան որոշաակի պայմաններ, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար: Օրինակ դերասանների դեպքում պարտադիր պայման է անգլերեն լեզվի իմացությունը:
Աղբյուրը` vnews.am