Վրացի հաղորդավարը եթերում հայհոյել է Պուտինին․ նախագահն ու ԱԳՆ-ն քննադատել են նրան

Վրաստանում մի քանի հարյուր մարդ հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, գրում է ria.ru-ն: 

Կիրակի երեկոյան հեռուստահաղորդավարն իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: 

Տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր ու շշեր նետում շենքի ուղղությամբ: Իր հերթին հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել հաղորդավարի անվայել պահվածքի համար: 

Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը:

«Վրաստանի նախագահը միանշանակ քննադատում է ատելության սերմանումը, բանավոր ագրեսիան, վիրավորանքներն ու սադրիչ հայտարարությունները, որոնք այսօր արվել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքով…»,- գրել է նա Twitter-ում: 

«Արված արտահայտությունները սադրանք են, որոնք ուղղված են վրաց-ռուսական հարաբերությունների՝ առանց այդ էլ ծանր իրավիճակի խորացմանը»,- ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանն ու բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են ազատ խոսքի հարցերով, համապատասխան գնահատական տալ հեռուստաընկերւթյան ու կոնկրետ լրագրողի պահվածքին:

Նշենք, որ «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որն այս իրավիճակից հետո դադարեցրել էր իր հեռարձակումը, վերսկսել է աշխատանքը:

Զգուշացում. տեսանյութը պարունակում է հայհոյանքներ.