Հնդկահայկական երեկոն արդեն իրականություն է. մեկ անգամ հետաձգվելուց հետո այս անգամ համերգը սկսվեց 2 ժամ ուշացումով, ինչը պատճառ դարձավ, որ հանդիսատեսը կասկածեր, թե այն կկայանա: Անհամբերները հեռացան, համառները սպասեցին, իսկ փոքր-ինչ հոգնածները աղմուկով ներխուժեցին հետնաբեմ՝ հայտնելով իրենց անվստահությունն ու նեղսրտելով՝ այդքան սպասեցնելը ու բեմից բացատրություն չտալը ճիշտ չէ: Կրքերը հանդարտվեցին, ուշացած, բայց հանգիստ ու պճնված ժամանեցին հնդիկ դերասանները: Վերջիններիս ուշանալու պատճառը կազմակերպիչները չհստակեցրին:
Օդանավակայանում ժպտադեմ ու երկրպագուների հետ շփվող դերասանուհիները՝ Իչայի և Տապասիայի կերպարները մարմնավորող Թինա Դատտան և Ռաշամի Դեսային հետնաբեմում բոլորովին այլ տրամադրութամբ էին: Նրանք նախընտրեցին մնալ անհասանելի՝ փակ դռների հետևում: Փոխարենը Ռաթորի դերակատար Գաուրավ Չոպրան և Ակաշի դերակատար Մրունալ Ջայինը սիրով շփվեցին լրագրողների և երկրպագուների հետ:
«Ես հրավերներ եմ ստացել տարբեր երկրներից, եղել եմ շատ պետություններում, սակայն Հայաստանում բոլորովին այլ տեսակի սեր եմ զգում, սեր, որն իր ջերմությամբ նման չէ ուրիշ վայրերում ստացած էներգիային։ Այս օրերի ընթացքում այնքան տաք էմոցիաներ եմ ստացել, որ ուզում եմ էլի ու էլի գալ այստեղ, իհարկե, եթե հայ երկրպագուներն ինձ կրկին ցանկանան տեսնել։ Երբ այստեղ գալու առաջարկ ստացա, անմիջապես համաձայնեցի, անգամ, գումարի մասին չցանկացա խոսել: Այդ հարցին անդրադարձել ենք համաձայնությունս տալուց հետո։ Շատ ուրախ եմ ու տպավորված, երախտապարտ եմ, որ կարողացա տեսնել այս մարդկանց, հանդես գալ նրանց առաջ,- ասաց Գաուրավ Չոպրան ու հավելեց, որ Հայաստանում անցկացրած առաջին օրը փոքրիկ խնդիրներով է անցել։ -Ես ունեցա ճամպրուկի հետ կապված խնդիր, չունեի ոչ հագուստ, ոչ կոշիկ, ոչ էլ, անգամ, ատամի խոզանակ։ Ամեն բան այստեղից եմ գնել, սակայն այնքան դրական էներգիայով էի շրջապատված, որ անկախ խնդիրներից, ինձ լավ եմ զգում»։
Դերասանը նշեց, որ լավագույն արձագանքները ստանում էր տարեց կանանցից, որոնք չէին կարողանում հավատալ, որ հեռուստատեսությունից հայտնի դերասանը քայլում է իրենց փողոցներով։ Նրա խոսքով՝ տպավորություն է, թե շատ է եղել Հայաստանում․ «Ավելին, ինձ թվում է, թե եկել եմ իմ ծննդավայր: Շատ եմ հավանել այստեղի ուտելիքը, եղանակը, կանանց, նրանք շատ գեղեցիկ են»։
Ակաշի դերակատար Մրունալ Ջային էլ ասաց, որ նախկինում Հայաստանի մասին ոչինչ չգիտեր, սակայն այստեղի երկրպագուներից սոցցանցերով շատ է նամակներ ստացել։ «Անչափ հաճելի է, երբ այցելում ես քեզ համար նոր երկիր, որտեղ քեզ այսքան սեր են տալիս: Այս օրերի ընթացքում բացի սիրուց այլ բան չեմ զգացել։ Չկա մի բան, որը չեմ հավանել, երբ մի տեղ ես գնում, որտեղ այսքան ջերմ էմոցիաներ են, դժվար է ինչ-որ բան չհավանելը»,- ասաց նա։
Համերգը մեկնարկեց Յանա Հովհաննիսյանի կատարմամբ: Հայ երգչուհու հետ բեմ բարձացավ Չակորի դերակատար Սպանդան Չակուրվերդին: Փոքրիկը բեմում մի քիչ շարժվեց, մի քիչ պարեց, ծափահարությունների ուղեկցությամբ ողջունեց ներկաներին ու հեռացավ: Հնդիկ մյուս դերասանները ևս հայ կատարողների հետ բեմ էին բարձրանում, ողջունում ներկաներին, մի քիչ շարժվում և հեռանում: Հատուկ բեմադրված պար չկար, նրանք անում էին այն, ինչ կարողանում էին:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում