Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա զինվորը արձակուրդից հետո հրաժարվել է վերադառնալ զորամաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն:

Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զինվորի հարազատները ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:

Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել, թե՝ ոչ:

Աղբյուրը` shamshyan.com