Անոմալ շոգի պատճառով Գերմանիայում ճանապարհները սկսել են հալչել

Եվրոպական քաղաքներն այնտեղ հաստատված և որոշ վայրերում բոլոր ժամանակների ջերմաստիճանային ռեկորդներ գրանցած սաստիկ տապի պատճառով բացառիկ քայլերի են դիմում շոգի ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, Սահարայից ներթափանցող օդային տաք հոսանքների հետևանքով Գերմանիայում՝ Լեհաստանի սահմանին մոտ, ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի, ինչի հետևանքով ճանապարհների մակերեսը սկսել է հալչել:

Ուստի՝ իշխանությունները որոշ ավտոմայրուղիների վրա սահմանափակել են երթևեկության արագությունը: Նշվում է նաև, որ երկաթգծերը շոգի հետևանքով փոխել են իրենց ձևը:

Ֆրանսիայի որոշ հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է +45 աստիճանի, փակվել են դպրոցները, հին մեքենաներին արգելվել է փողոց դուրս գալ:

Նույնպիսի իրավիճակ է նաև հարևան Իտալիայում և Իսպանիայում:

Մինչդեռ Լեհաստանում հունիս ամսվա ընթացքում 90 մարդ է խեղդվել՝ փորձելով զովանալ գետերում և լճերում: Լիտվայում նույն հանգամանքներում խեղդվել է 27 մարդ:

Աղբյուրը` tert.am