Պետությունը 1000 դրամով հողամաս վաճառեց. մարզադպրոցի տեղում նոր հյուրանոց կկառուցվի

Երևանյան նոր հյուրանոցային համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2021թ.–ի օգոստոսին։

Կառավարությունն այսօր որոշեց Երևանի Նար Դոսի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քառ. մետր մակերեսով Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց շենքը 1000 դրամով օտարել «Ատլանտ Գրուպ» ընկերության։

Ինչպես հայտնեց նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզադպրոցի տեղում ընկերությունը հյուրանոցային բարձրահարկ համալիր է կառուցելու` պայմանով, որ դրա 3-րդ հարկում 1000 քմ տարածք հետագայում կտրամադրվի պետությանը։

Ըստ ներդրումային նախագծի`շինարարությունը նախատեսվում է ավարտել 2021թ.-ի օգոստոսին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` ի՞նչ երաշխիքներ կան, որ համալիրը կկառուցվի ու պետությունն էլ կստանա խոստացված տարածքը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ շինարարության համար հատկացվող հողը գրավադրված է և հանդիսանում է երաշխիք ծրագրի իրականացման համար։ Ինչ վերաբերում է մարզադպրոցի շենքին, Նարեկ Բաբայանը հայտնեց, որ այն 4-րդ կարգի վթարային վիճակում է։


Աղբյուրը` armeniasputnik.am