Կառավարությունը որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի ֆուտբոլի ու բասկետբոլի հավաքականների մոտ 2 տասնյակ խաղացողների։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի քանի խաղացողների ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց 27 տարին լրանում է այս տարի։
Այսպիսով, ֆուտբոլի հավաքականի անդամներ Հայկ Ղազարյանը, Դավիթ Մարիկյանը, Կարեն Մուրադյանը, Տիգրան Կանդիկյանը, Արսեն Բեգլարյանն ու Սարգիս Ադամյանը բանակ չեն զորակոչվի։
Կառավարության որոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրեց Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքական թիմերի մի շարք մարզիկների։
Տարկետում ստացած մարզիկներն են Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Անդրե Մ Քորիի Սփայթը, Արկադի Մկրտիչյանը, Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, Արամ Սերոպ Արսլանյանը, Կրիկոր Էնթոնի Կուրդօղլյանը, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Մադոյանը, Կարրեն Գարի Գրիգոր Չիվիչյանը, Գաբրիել Հակոբ Աճեմյանն ու Մահրան Ներսեսը։
Աղբյուրը` armeniasputnik.am