Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ. այն կազդի 80 հազար քաղաքացու վրա

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամի փոխարեն 63 հազար դրամ սահմանել, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:

Գասպարյանի ներկայացրեց հաշարկի հիմքերը, որտեղ կարեւորվել է նվազագույն սպառողական զամբյուղը:

«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր եւ պետական ոլորտում 35 հազար աշխատողի աշխատավարձը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,- ասաց Գասպարյանը՝ նշելով, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:

Վարչապետը կարեւորեց նաեւ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ հնարավոր է գործատուն մանեւրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը եւս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի: Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Աղբյուրը` armtimes.com