Շուտով Երևանում 20 նոր վերելակ կգործի. փոխքաղաքապետն ասաց` որտեղ

Կփոխվեն այն շենքերի վերելակները, որոնք ամենաանմխիթար վիճակում են գտնվում։

Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրում 2 նոր` եվրոպական չափանիշների համապատասխան վերելակներ կգործարկեն։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Մի քանի օր առաջ հրապարակել ենք առաջին 20` փոփոխման ենթակա վերելակների մրցույթը։ Սա ծիծեռնակը կլինի այն 3500 վերելակների փոխարինման պրոցեսի, որը նախատեսում ենք սկսել 2020–ին։ Երևանի 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրում երկու վերելակ կփոխվի»,–ասաց նա։

Փոխքաղաքապետի խոսքով` ընտրություն կատարել են հիմնվելով մասնագիտական կարծիքների վրա, թե որոնք են վարչական շրջաններում առավել անմխիթար վիճակում գտնվող վերելակները։

Սարգսյանը նշեց, որ վերելակները եվրոպական չափանիշներին համապատասխան են լինելու` թե՛ ձայնամեկուսացման, թե՛ արագության, թե՛ սպասարկման առումով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` մայիսի 10–ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ իրենք կփոխարինեն վերելակը, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն։ Նման մոտեցումը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել։


Աղբյուրը` armeniasputnik.am