Երեւանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք:
Dine Sky-ը ճախրող ռեստորան է, որտեղ կարող են այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը:
Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (Ընթրիք երկնքում) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:
Հայաստան ուղևորվող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել: Ռեստորանը պատրաստվում է Դուբայում ACE ընկերության կողմից:
Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են լինելու 22 աթոռներ: Աթոռները պատրաստված են կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը:
Ռեստորանը երկինք բարձրացնելու և հյուրերի ընթրիքը երկնքում անվտանգ ապահովելու համար Հայաստան է բերվել 150 տոննա ամբարձունակությամբ մոբայլ ամբարձիչ կռունկ: Ռեստորանը կախվել է 45-50 մ բարձրության վրա: Կռունկի տեխնիկական հնարավորություններն, ի դեպ, թույլ են տալիս բարձրացնել 3 անգամ ավելի ծանրություն: Ամբարձիչ կռունկի անվտանգության համակարգը կառավարվում է գերմանական Hirschmann-ի արտադրության սարքավորումներով: Այն ներառում է իր մեջ քամու ուժը, ծռման և թեքման աստիճանները:
Աղբյուրը՝ armtimes.com