
1973 թ-ին Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա, Հրաչյա Ղափլանյանի լիբրետտոյով, հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը ստեղծում է «Գիքոր» օպերան: Գործիքավորումը և երաժշտական խմբագրությունը կատարում է Գրիգոր Հախինյանը:
Այն բեմադրվում է 1974թ-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ շուտով արժանանում է հանդիսատեսի սիրուն և գնահատանքին։ Մինչև 1986 թ․այն լինում է թատրոնի խաղացանկում, տեղի է ունենում 67 ներկայացում, այդ թվում նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հետագայում մի շարք հանգամանքների բերումով օպերայի պարտիտուրան կորում է։ Նաև այդ պատճառով «Գիքորը» չի հաջողվում կրկին բեմադրել։

Եվ ահա 2018 թ․-ին Երեվանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնоրեն Անահիտ Գևորգյանը, հայտնի օպերային երգչուհի Աննա Նշանյանի հորդորով (ով ի դեպ մարմնավորել է Նատոյի կերպարը), նրա թոռ՝ օպերային երգիչ և ռեժիսոր Արման Նշանյանի և ամերիկաբնակ բարերար, դպրոցի բարեկամ՝ Սիրվարդ Կավուկչյանի հետ քննարկումների արդյունքում, ձեռնամուխ է լինում մի նվիրական գործի, այն է՝ վերականգնել և դպրոցի ուժերով բեմադրել «Գիքոր»-ը։ Իր խնդրանքով, երկար պրպտումներից հետո, օպերային թատրոնի գրադանավարուհի Նազելի Մինասյանի ջանքերով, գտնվում են օպերայի նվագախմբի գրեթե բոլոր գործիքների պարտիաները և դաշնամուրային կլավիրը։ Պարտիտուրի վերականգնումը և համակարգչային շարվածքը կատարում է դպրոցի երգչախմբի խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը։ Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ Շաքե Աշչյանի սաները և դպրոցի երգեցողության մյուս դասատուների աշակերտները, կոնցերտմայստեր Ռուզան Վարոսյանի աջակցությամբ և դպրոցի «Տիգրանյան» նվագախումբը, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Հայկ Հովակիմյանի գլխավորությամբ սկսում են օպերայի փորձերը։ Պարային բեմադրությունը իրականացնում է դպրոցի «Real dance» պարային խմբի պարուսույց Գոռ Մկրտչյանը։ Իրենց մասնակցությունն են ունենում նաև դպրոցի «Արտիստ» թատերական ստուդիայի սաները։

Բեմադրության հեղինակ և բեմանկարիչ է դառնում ռեժիսոր Նարինե Թարզիմկոյանը։
Պատահականությու՞ն է, թե նախախնամություն… Այսօրվա Գիքորի դերակատարն է Անի Թամազյանը, ով Գիքորի երկարամյա դերակատար Ասյա Հայրապետյանի թոռնուհին է:
Այս նախագծի գլխավոր հովանավորներն են ամերիկաբնակ բարերարներ՝ Կարո և Սիրվարդ Կավուկչյանները:
2019 թվականի հունիսի 26-ին, երեսուներեք տարի հետո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա օպերայի երկրորդ ծնունդը: