Հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է

ՀՀ պետական խորհրդանշաններն են՝ դրոշը, զինանշանը եւ ազգային օրհներգը: ՀՀ կառավարությունը 2010 թվականին ընդունեց «ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրի» առաջարկը:

«Թամանյանի կազմած եւ Կոջոյանի գծած»` ահա այսպես է բնութագրվում մեր զինանշանը Սիմոն Վրացյանի հուշերում:

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Այդ օրենքով վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը: Նոր օրենքն ընդունվեց 2006 թվականի հունիսի 15-ին:

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից` 1990թ օգոստոսի 24-ին: 2005թ նոյեմբերի 27-ին անցկացված ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ հունիսի 15-ին, ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը: Օրենքի համաձայն, ՀՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ եւ նարնջագույն:

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգը` տեքստը` Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» երգի հիման վրա:

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը պատմեց, որ հիմնադրամը 2010 թվականին «ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագիր» ներկայացրեց կառավարությանը։ Առաջարկը ընդունվեց եւ ամեն տարի հունիսի 15-ին պետական խորհրդանշաններին նվիրված քայլերթ է իրականացվում: