Հունիսի 14-Ից Սևան Կարելի Է Գնալ Էլեկտրագնացքով. Որքա՞ն Կարժենան Տոմսերը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին: Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա: ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով: