
Մենք ողջ կյանքի ընթացքում, կամա, թե ակամա, կորցնում ենք մեզ հարազատ մարդկանց, մի ակնթարթում մարդկանց վառ կերպարն ու անհատականությունը մեզ համար դառնում է հիշողություն: Մենք դժվարությամբ ենք համակերպվում մեզ համար թանկ մարդկանց կորստի հետ, քանի որ գիտակցում ենք նրանց թողած արժեքը մեր կյանքում, իսկ որքան մեծ է այն, այնքան ավելի է ծանր է համակերպվել նրանց բացակայության հետ: Նման մարդկանց անունները հավերժ մնում են մեր շուրթերին, նրանցից ոմանք՝ ապրում են մեր սրտերում, նրանցից շատերի մասին հիշողությունները երբևէ չեն ջնջվում մեր մտքից:
Բայց կան մեծություններ, որոնց կորստյան ցավն ազգովին ենք սգում, հիշողությունները նրանց մասին ստիպում է ոչ թե ահով խոնարհվել նրանց առջև, սարսափազդու պատկառանք կամ վախ զգալ, այլ համակվել անկաշկանդ ու իմաստավորված սիրով` համեմված խոր երախտագիտության և հպարտության անկեղծ զգացումներով: Նրանք անմահ են, նրանք մեր ազգի ՀԵՐՈՍՆԵՐՆ են: Նման հերոս է մեզ համար Մոնթե Մելքոնյանը, նույն ինքը՝ Ավոն…
1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջնելով դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու նպատակով, Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպած հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվում է զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:
1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվել է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:
Այսօր մենք փաստում ենք, որ Մոնթեն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին, դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և, որ ամենակարևորն է, իր անձնական օրինակով ցույց տվեց դրանց իրականացումը:
– Փառք ու պատիվ քեզ ՀԵՐՈՍ: Դու անմա՛հ ես Մոնթե…