46 համարի երթուղայինի կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից. Հակոբ Կարապետյանը՝ ծխելու հարցի շուրջ ուղևորի հետ վիճած վարորդի մասին

Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա գրել է.

«Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում»:

Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ և գրել․

«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասաց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։

Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարանը էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։ Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»: