Հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել՝ վրեժ զոհի համար. Բաքվի վայնասունը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ: Հաղորդման մեջ ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»: «Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի և այդ երկրի կառավարության վրա է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման էր ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջինները բարձր որակով էին կատարել վերադասի հրամանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սիփան Մելքոնյանը հակառակորդի գնդակից զոհվել էր հունիսի 1-ին։

Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, իհարկե, շրջանցվում է այն հանգամանքը, որ հայկական զինուժն ըստ էության ոչ թե նախահարձակ է եղել, այլ ընդամենը պատժիչ գործողություն է իրականացրել՝ օրերս Բաքվի իրականացրած սադրանքին ի պատասխան։

Բաքվում իրականում մտահոգված են այլ հանգամանքով։ Բանն այն է, որ վերջին շրջանում հակառակորդն ակնհայտորեն հրաժարվել էր Դուշանբեի համաձայնություններից կամ, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունից» ու վերադարձել էր իր հին մարտավարությանը՝ փորձելով հոգեմաշ պատերազմի միջոցով ազդել միջնորդների քաղաքականության վրա և խուճապ ու հուսահատություն սերմանել Հայաստանի հասարակության մեջ։

ԼՂ հարցում Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունը փոխվել է ոչ միայն կոնցեպտուալ առումով, այլ նաև մարտավարական հարթության վրա։ Պաշտոնական Երևանը երբեք նախահարձակ չի լինում, ավելին՝ հետևողականորեն հետամուտ է Դուշանբեի պայմանավորվածությունների կատարմանն ու անընդհատ շեշտում է առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, սակայն, դրանով հանդերձ, նորությունը թերևս այն է, որ մեր զինուժն այս դեպքում օպերատիվորեն արձագանքում է ադրբեջանական սադրանքներին ու ավելին՝ հրապարակայնացնում է այդ փաստը։

Նման քաղաքականությունը մի կողմից՝ կանխարգելիչ նշանակություն ունի ու փորձ է հակազդելու Բաքվի՝ «հոգեմաշ պատերազմ» վարելու մարտավարությանը, մյուս կողմից՝ հստակ ուղերձ է միջազգային հանրությանն ու միջնորդներին։ Ի վերջո, Վիեննայի օրակարգի իրացման հարցում լիակատար կոնսենսուս կա պաշտոնական Երևանի ու համանախագահության միջև, ու եթե միջնորդները չեն կարողանում արդյունավետ ներազդեցություն ունենալ Բաքվի վրա, ապա հայկական կողմը ստիպված է ինքնուրույն սանձել հակառակորդի ագրեսիվությունը։

Ուշագրավ է, որ հայկական զինուժի պատասխան պատժիչ գործողությունը հաջորդել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ինչն անուղղակի ուղերձ է, որ Ադրբեջանի իշխանության օրակարգը գոնե այս պահին աջակցություն չունի նաև Մոսկվայում։

Աղբյուրը՝ https://www.1in.am
Հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել՝ վրեժ զոհի համար. Բաքվի վայնասունը