Շրջակա միջավայրի համաշխարհային օրը (World Environment Day), որը սահմանել է ՄԱԿ-ն եւ ամեն տարի նշվում է հունիսի 5-ին, բոլոր բնապահպանների եւ բնապահպանական կազմակերպությունների համար միջոցներից մեկն է շրջակա միջավայրի խնդիրների վրա գրավելու համաշխարհային հանրության ուշադրությունը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար: Տոնը սահմանվել էր 1972-ին ՄԱԿ ԳԱ 27-րդ նստաշրջանի ժամանակ (1972 թվականի դեկտեմբերի 15-ի № A/RES/2994 բանաձեւ):
Որպես օր ընտրվել է հունիսի 5-ը՝ 1972 թվականին մարդուն շրջապատող միջավայրի խնդիրներին ուղղված Ստոկհոլմի գիտաժողովի աշխատանքների մեկնարկի օրը (Stockholm Conference on the Human Environment):
Օրվա տոնակատարությունը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է աշխարհի ժողովուրդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստելու կայուն եւ արդարացի զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումների փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ինքներս ենք, մեր հասարակությունը: Ինչպես նաեւ պարզաբանել գործընկերային հարաբերությունների օգտակարությունը, որպեսզի բոլոր երկրներն ու ժողովուրդները ունենան անվտանգ եւ բարեկեցիկ ապագա :