
Նոր ուսումնական տարվանից որոշակիորեն կբեռնաթափվեն աշակերտների պայուսակները: Տասնյակ դասագրքեր տպագրությունից առաջ կբաժանվեն երկու մասի, որպեսզի երեխաներն անհրաժեշտություն չունենան ամեն անգամ տեղափոխել ամբողջ դասագիրքը: Այս փուլում խոսքը վերաբերում է այն դասագրքերին, որոնց գործածության ժամկետն արդեն լրացել է եւ անհրաժեշտ է դրանք վերահրատարակել:
«Այս տարի առաջին անգամ մոտավորապես 45 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս եւ երկրորդ մաս: Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ ծանր դպրոց չի տանի, դա ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նա ընդգծեց, որ դա չի լինելու պարզապես մեխանիկական կիսում: «Բոլոր հրատարակիչների հետ հանդիպել ենք, հեղինակների հետ քննարկվել է, որովհետեւ դասագրքեր կան, որոնք իրենց վերջին մասում ունեին բառարաններ, հարցերի պատասխաններ, խնդիրների պատասխաններ: Եվ այդ կիսելը կատարվել է այնպես, որ դասապրոցեսի ընթացքում որեւէ խոչընդոտ չառաջանա: Ու հիմնականում կիսվել են այն դասագրքերը, որոնք հնարավոր են եղել, որովհետեւ հրատարակիչների հետ երբ որ հանդիպեցինք, իրենք հրատարակչական այսպիսի խնդիրներ առաջ քաշեցին, որ դասագրքերի էջերի քանակից կախված է նաեւ դասագրքի որակը, որովհետեւ ինչքան քիչ է էջերի քանակը, այնքան թելակարման, կազմի եւ այլնի հետ կապված խնդիրներ են լինում: Դրա համար բոլոր դասագրքերը հնարավոր չեն եղել կիսել»,- շարունակեց Աշոտ Արշակյանը:
Վերահրատարակվելուց հետո, ըստ նրա, երկու մասից են կազմված լինելու տարրական դպրոցի դասագրքերը, որոնք ձեռք է բերում կրթության եւ գիտության նախարարությունը, ինչպես նաեւ մինչեւ 12-րդ դասարանի այն դասագրքերը, որոնք հրատարակում է դասագրքերի շրջանառու հիմնադրամը: Նոր սկզբունքով են տպագրվելու, օրինակ, 4-րդ դասարանի «Մայրենի լեզու», «Մաթեմակիա», «Անգլերեն», «Գերմաներեն» «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերը, 3-րդ դասարանի «Ռուսաց լեզու», 2-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Մայրենի լեզու» առարակների դասագրքերը եւ այլն: «Առաջիկայում քննարկենք նաեւ մյուս դասագրքերի կիսման հարցը»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Իսկ մինչ այդ նոր ուսումնական տարում դպրոցներում, փաստորեն, կլինեն թե կիսված եւ թե չկիսված դասագրքեր: Ինչպես վստահեցրեց Արշակյանը, նախարարությունը հոգ է տարել, որպեսզի բոլոր աշակերտներն ունենան նաեւ նոր սկզբունքով տպագրվածներից: «Բոլոր մարզպետարանների կրթության վարչության պետերին խորհրդակցության ժամանակ հորդորել ենք, որ դպրոցներում բաժանումը կատարեն այնպես, որ բոլոր երեխաները հավասարապես ունենան ե՛ւ կիսված ե՛ւ չկիսված դասագրքեր, որպեսզի խտրականություն չլինի»,- ասաց նա:
Աշակերտների դպրոցական պայուսակների ծանրության հարցն, ինչպես հայտնի է, ծնողներին ու բժիշկ-մասնագետներին մտահոգում է արդեն վաղուց, նրանք շարունակ ահազանգում էին, որ դրա հետեւանքով երեխաների մոտ առաջանում են ողնաշարի ու կեցվածքի խնդիրներ: Առկա իրավիճակը պարբերաբար հայտնվում էր նաեւ ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում, քննարկվել են լուծման տարբեր ուղիներ:
Ժամանակ առ ժամանակ տարբեր ծնողներ կշռում էին երեխաների՝ դասագրքերով ու գրենական պիտույքներով պայուսակը ու արձանագրում, որ դա երեխայի ուժից վեր բեռ է: Տարբեր առիթներով նշվել է, որ օրինակ 6-րդ դասարանի 12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռում է ավելի քան 5 կգ, 5-րդ դասարանի աշակերտի մի ծնող էլ մի առիթով հայտարարել էր, թե տղայի պայուսակը 7-8 կգ է եւ այլն: Որոշ ծնողներ փորձում են խնդիրը լուծել դասագրքերը երկուական օրինակով գնելու ճանապարհով, որպեսզի երեխան մեկը թողնի դպրոցում, մյուսը տանը: Բայց հասկանալի է, որ այդ տարբերակը քչերի գրպանին է հարմար: Որոշ դեպքերում էլ դասընկերն են փորձում իրար մեջ կիսել օրվա ընթացքում անհրաժեշտ դասագրքերը եւ այլն: Բայց այսուհետ, փաստորեն, դպրոցականների բեռը էականորեն կարող է կրճատվել՝ դասագրքերը երկհատոր դարձնելու ճանապարհով:
Այն, որ դպրոցականների գրքերն ու գրենական պիտույքները պետք է կշռեն շատ ավելի քիչ, քան կշռում են այսօր, սահմանվել է առողջպահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N12-Ն հրամանով: Այդ փաստաթղթի 78-րդ կետն ամրագրում է. «Սովորողների կողմից բերվող դասագրքերի եւ գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ»:
Աղբյուրը` armtimes.com