Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կկազմակերպվի

Հունիսի 15-ին Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն, որի կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը:

Հայաստանում առաջին Մորուքի փառատոնը նախաձեռնել են «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները: «Փառատոնը իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը:

Փառատոնի ընթացքում հայաստանյան հանրահայտ Barber-ները ցույց կտան իրենց հմտությունները: Իսկ վերջում կանանցից կազմված ժյուրիի կողմից կընտրվեն անվանակարգերում առաջադրված հետաքրիր կերպարներ, որոնք կպարգևատրվեն:
Փառատոնը տեղի կունենա ժամը 17:00-22:00 Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում՝ Fest Food & Eclectica Music Fest-ի շրջանակներում:

Fest Food & Eclectica Music Fest-ը կազմակերպում է Դոլմամայի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Փառատոնը տեղի է ունենալու հունիսի 14-ին, 15-ին և 16-ին Դիլիջանի «Թռչող ջայլամ» ռեստորանում։ Music Fest-ն իրենից ներկայացնում է ռոքի, ռոքնռոլի, ռետրոյի ու բլյուզի մեծ տոնակատարություն, որտեղ ամբողջ տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ բեմ, պարային գոտի, խմիչքի և գաստրոնոմիկ գոտիներ, հանգստի գոտիներ, վարսավիրական հմտությունների շոուի գոտի, Man’s Tools գոտին, որտեղ ներկայացված են լինելու տղամարդու կյանքը բարձրակարգ ու հեշտ դարձնող պարագաներ:

Նպատակ ունենալով իրադարձային զբոսաշրջության զարգացումը՝ Մորուքի փառատոնը կդառնա Հայաստանի առաջին փառատոներից մեկը, որն իր մեջ համապարփակորեն կներառի զվարճանքը, հումորը, ժամանցը, աշխարհի նոր միտումների ռիթմը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` armtimes.com