Երևանի 2800-ամյակի այգու վնասված արձանը կվերանորոգվի և մայիսի 31-ին կվերադարձվի իր տեղը

Երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է: Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցե ավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել և տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, և արդեն մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգու միևնույն հատվածում: Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է էլ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի: Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուներն երեխաների արձանների վրա չբարձրանան. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու և ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»:

Այս մասին ասվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանի պարզաբանման տեքստում՝ ս/թ մայիսի 28-ին Երևանի 2800 ամյակի այգու՝ թղթե նավակով տղայի արձանի ձեռքը կոտրելու առիթով տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ նշվում է՝ առիթից օգտվելով՝ ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այգին համեմատաբար ոչ այնքան մարդաշատ է լինում առավոտից երեկո ժամանակահատվածում, իսկ երեկոյան ժամերին այգին չափազանց մարդաշատ է, այնքան, որ երեկոներն այգում գրեթե տեղ չկա: Երեկոյան ժամերին այգու այցելուների մեծ հոսքը դեռ շարունակվում է, և մոտակա ամիսներին այցելուների հոսքի թեթևացում, կարծես թե, չի սպասվում:

Եվս մեկ անգամ խնդրում ենք խոտածածկը չտրորել:  Այն հատվածներում, որոնց վրայով քայլում են, վնասվում է ոչ միայն խոտածածկն, այլ նաև այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը:

Տեղեկացնում ենք նաև, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ այգու շուրջօրյա պահպանությունն իրականացվում է մի քանի ոստիկանների կողմից:

Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել՝ Երևանի 2800-ամյակի այգու այցելուների հնչեցրած հազարավոր բարձր գնահատականների, դրական արձագանքների և բարի խոսքերի համար