Հայաստանի վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, մեկնաբանեց ԶԼՄ–ներում տարածված լուրերն իր որդու` Երևան գալու մասին։Աշոտ Փաշինյանն իր զինվոր ընկերների հետ եկել է Երևան վերապատրաստման և շուտով կվերադառնա Արցախ։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։
«Երևան գալը ոչ մի բանի հետ կապ չունի, նա վերադառնալու է Լեռնային Ղարաբաղ և շարունակելու է ծառայությունը։ Դա առաջին դեպքը չէ։ Մեր տղան ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր, նրա ծառայությունը որևէ կերպ չի տարբերվում իր զինվոր ընկերների ծառայությունից», – ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Աշոտը օրենքով նախատեսված կարգով արձակուրդի շրջանակում մեկ օր անցկացրել է տանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն է անցնում Արցախում։ Սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերի համաձայն` նա այժմ գտնվում է Նուբարաշենում (զորամաս Երևանում)։
Աղբյուրը` armeniasputnik.am