«Վերջին զանգ». հասունության, սիրո խոստովանությունների և համարձակության օր

«Վերջին զանգը», որքան էլ սպասված եւ սիրված իրադարձություն լինի աշակերտների համար, միեւնույն է առանց հուզմունքի եւ արցունքների չի անցնում: Ես հիշում եմ՝ երբ ավարտում էի դպրոցը, դասարանի աղջիկներով  ինքերս մեզ խոստացել էինք, որ ոչ մի դեպքում չենք հուզվելու, սակայն բեմ բարձրանալուն պես՝ արտասվեցինք: Եվ որքան էլ «Վերջին զանգի » արարողակարգը անհարմարություններ պատճառի աշակերտներին եւ նրանց ծնողներին, ոչինչ պատանեկությունից այնքան լավ չի հիշվում, որքան դպրոցական տարիներն ու հատկապես ավարտական երեկոն:

Իհարկե, ժամանակները փոխվել են, եւ գուցե այն, ինչ գրեցի, չի վերաբերում ներկայիս աշակերտներին, սակայն տարիներ առաջ «Վերջին զանգն » իսկական տոն էր, ինքնահաստատավելու եւ կայանելու, ինչպես նաեւ հասունությունը ցուցադրելու հիանալի առիթ: Այդ օրը աղջիկներին թույլատրված էր վերջապես շպարվել՝ որքան ցանկանում ես, բարձրակրունկներ եւ «մեծական» զգեստներ հագնել՝ վերջապես մի կողմ դնելով պարտադրված եւ այդքան ձանձրալի դարձած դասական սեւ-սպիտակը:

Դա մի օր էր, երբ չէիր ամաչում հրապարակավ պարել հավանածդ տղայի հետ: Դա սիրո խոստովանությունների եւ համարձակության օր էր: Տղաներին թույլատրված էր խմիչք օգտագործել, վարել հայրիկների մեքենաներն ու սիրած աղջկա սիրտը գրավելու փորձեր անել հենց այդ երեկոյի ընթացքում, կարծես ուրիշ օրեր չկային եւ չէին եղել օրացույցի վրա: Այդ օրն ասես վճռորոշ լիներ դպրոցական շատ տղաների համար՝ ապացուցելու իրենց «տղամարդկությունը»: Սիրած աղջիկը կմերժի՞ , թե՞ ոչ, իրեն թույլ կտա՞ն մեքենա վարել, կկարողանա՞ ուզածի չափ գինովնալ, մի խոսքով՝ այդ օրը  նա մուտք կգործի՞ հասուն կյանք, թե՞ ոչ:

Ես չգիտեմ, թե որն է «Վերջին զանգի» եւ ավարտական երեկոյի կախարդիչ ուժը, բայց այն ստիպում էր սրտին զարկել րոպեում 90 անգամ եւ սպասել ինչ-որ լուսավոր եւ գեղեցիկ բանի: Թեւրեւս այդ հավատն ու սպասումներն են, որոնք հաջորդում են «Վերջին զանգին», օրը դարձնում այդքան հիշարժան եւ խոստումնալից։

Այդ օրը հանկարծ հասկանում ես, որ տասը տարիների ընթացքում քո միակ բաղձալի երազանքը՝ որքան հնարավոր է շուտ ավարտել դպրոցը, արդեն իրականություն է: Հասկանում ես, որ այլեւս պարտադրված չես լինելու կիսաշրջազգեստ հագնել ու ամեն անգամ աշակերտական նստարանի կողքով անցնելիս զգուշանալ, որ հանկարծ զուգագուլպադ չպատռվի կամ էլ մի անզգույշ շարժումից սպիտակ վերնաշապիկդ չթանաքոտվի: Այդ օրը գիտակցում ես, որ վերջին անգամ ես կանգնում դպրոցի բեմում եւ թերեւս վերջին անգամ ես մուտք գործում դպրոց, թեեւ խոստանում ես դասղեկիդ՝ հաճախ այցելել նրան: «Վերջին զանգի» օրն ամեն ինչ կատարյալ է, եւ թվում է՝ աշխարհը քո շուրջն է պտտվում:

Սիրելի շրջանավարտներ, մաղթում ենք ձեզ, որպեսզի այն հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքի, եւ որքան էլ դժվար լինի հետագայում՝  երբեք չհուսահատվեք եւ բարձր ճակատով միշտ առաջ գնաք: