Ազատ վիզայի ռեժիմ Չինաստանի և Հայաստանի միջև

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն իր զեկույցում ասաց, որ համաձայն «ազատ վիզայի ռեժիմի»՝ թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում։

Պետությունները նաև պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար։

«Համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է երկու երկրների միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների ավելի ակտիվացում և այս բնագավառում գոյություն ունեցող ներուժի առավել արդյունավետ օգտագործում։ Մուտքի փոխադարձ ազատականացում նախատեսող համաձայնագրի կնքումը վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի և փոխվստահության մասին»,- ասաց Գրիգոր Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, Չինաստան կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է։

«Մենք պատրաստվում ենք այն ստորագրել Չինաստանի արտաքին գործերի նախարարի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ»,- ասաց Փաշինյանը։