Մաշտոցի պողոտայի գետնանցման տարբերակ

Ստորակետ արվեստանոցը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մաշտոցի գետնանցման (այժմ փակված) վերանորոգման կոնցեպտ։ 



«Ծանոթ չթվա՞ց ???? Մաշտոցի գետնանցումն է` մեր մանկության ամենասիրելի ճանապարհներից մեկը, որտեղից դուրս գալով սկսվում էին մեր խենթ ու խելառ արկածները ????

Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող այս գետնանցումը տարիներ շարունակ կիրառվել է որպես «գրաֆիտի անելու տեղ» կամ «պետքարան»: Մեզ անհանգստացնում էր գետնանցումի նման կիրառությունը և կային մի շարք խնդիրներ, որոնց լուծումը մեզ համար առաջնահերթ էր.

– Գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան, և թե՛ գիշերային ժամերին
– Զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում graffiti արվեստը
– հոգալ մշտական խնդրի՝ «պետքարան»-ի հարցը
– Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավոր

Այս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը✔️

Իսկ անցումների մշտական խնդիրը լուծելու համար անցումի միջնամասում նախագծեցինք ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝ լուծելով մեր քաղաքի լուրջ խնդիրներից մեկը:

Կարծում ենք՝ գրաֆիտիներով հայտնի այս անցումը պետք է պահել հենց այդպիսին: Անցումում նախատեսում ենք ունենալ գրաֆիտիների համար նախատեսված պատ, որը ժամանակ առ ժամանակ կարելի է թարմացնել՝ այս կերպ զարկ տալով քաղաքային մշակույթի զարգացմանը»,-մանրամասնել են նրանք ու կից ներկայացրել լուսանկարներ։