Քոչարյանն ազատ արձակվեց. ո՞վ հարվածեց հեղափոխության ողնաշարին

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվել է կալանքից: Խափանման միջոց է ընտրվել՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Դատարանը չորս օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Որպես երաշխավորներ դատարանում հանդես են եկել Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Այսպիսով՝ զուտ ֆորմալ առումով, Քոչարյանի ազատ արձակման կամ նրա խափանման միջոցի փոփոխության հարցում դերակատարություն է ունեցել Արցախի նախկին ու ներկա նախագահների միջնորդությունը։ Եթե նույնիսկ հիմք ընդունենք այս վարկածը, ապա առնվազն պետք է փորձենք հականալ, թե ովքեր են կանգնած Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի նախաձեռնության հետևում։ Կասկածից վեր է, որ նրանք հազիվ թե ինքնուրույն գնային նման ոչ պոպուլյար քայլի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հասարակությունը կոնսոլիդացված դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Բացի այդ՝ առնվազն Բակո Սահակյանը տեղյակ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, դրականորեն չի վերաբերում իր նախաձեռնությանը ու պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից՝ չէր ցանականա փչացնել Փաշինյանի հետ իր հարաբերությունները, մանավանդ Արցախում հաջորդ տարի սպասվող ընտրությունների համատեքստում։ Էլ չեմ ասում այն մասին, որ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի նախաձեռնությունը որևէ աղերս չունի քաղաքական մշակույթի հետ ու ակտ է, որը հարվածում է Հայաստանի ու Արցախի միասնականությանը՝ ծնելով նոր մարտահրավերներ։

Տարածված կարծիքի համաձայն՝ Արցախի նախագահների երաշխավորությունը ծնվել է Ռոբերտ Քոչարյանի, իսկ գուցե նաև՝ Սերժ Սարգսյանի միջամտությամբ։ Այս վարկածը միանգամայն տրամաբանական է, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ նախկին համակարգը խորհրդանշող նշանային այս ֆիգուրների ռեսուրսները բավարար չէին՝ նման «դավադրություն» կազմակերպելու համար։ Ի վերջո, չմոռանանք, որ քրեաօլիգարխիկ համակարգը՝ շատ ավելի մեծ ռեսուրսներով, չկարողացավ ընդդիմանալ հեղափոխության հաղթնակին ու հիմա հազիվ թե այս մինի ռևանշին կարողանար հասնել ավտոնոմ ռեժիմով։

Մնում է ենթադրել, որ անտեղի չեն խոսկացություններն այն մասին, որ Քոչարյանի հարցով Մոսկվան աննախադեպ ճնշում է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա։ Վերջինս գուցե կարողանում է դիմադրել, սակայն Մոսկվային, ի վերջո, հաջողվեց կազմակերպել Արցախի գործող ու նախկին նախագահների «դավադրությունը» ու իրական հակադրություն հրահրել Հայաստանի ու Արցախի էլիտաների միջև։ Հակադրություն, որի մոդեռատորը Մոսկվան է, որը փաստորեն՝ Արցախի էլիտայի դեմքով, նոր ճակատ է բացել հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

Սակայն ստեղծված իրավիճակը նաև Նիկոլ Փաշինյանի թիմի, մեղմ ասած, ապաշնորհ քաղաքականության հետևանք է։

Հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի հետո իշխանությունն առաջնորդվում է «սևերի» ու «սպիտակների» հակադրության պարզունակ, վտանգավոր թեզով, որը մի կողմից՝ խոչընդոտում է դեմոկրատական այլտնտրանքի ձևովորման գործընթացը, մյուս կողմից՝ լեգիտիմացնում է Ռոբերտ Քոչարյանին՝ որպես ընդդիմության առաջնորդ։ Ի դեպ, Փաշինյանի թիմի «թեթև ձեռքով» ստեղծված կոնֆիգուրացիան միանգամայն ձեռնտու է Մոսկվային, որը կարողացել է Հայաստանում ձևավորել միանգամայն վերահսկելի ու ամուլ քաղաքական համակարգ։

Վարվող քաղաքականության հետևանքներն ակնհայտ են՝ Քոչարյանի ազատ արձակումը մարտահրավեր էր Հայաստանի հասարակությանը, հեղափոխության օրակարգին, Փաշինյանի վարկանիշին։ Սկսվել է հեղափոխության անկման փուլը ու Քոչարյանի ազատ արձակումը դրա ինդիկատորներից մեկն է։

Աղբյուրը՝ 1in.am