«Վերջին զանգը» կհնչի մայիսի 24-ին, ոչ թե 25-ին

Հայաստանյան դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» կնշվի մայիսի 24-ին՝ չնայած տարածված տեղեկություններին, թե ավարտական այդ միջոցառումն անցկացվելու է ամսի 25-ին՝ շաբաթ օրը, ինչն ի դեպ, հասցրել էր դժգոհությունների ալիք առաջացնել: Շատերն ասում էին, որ ավարտական տոնախմբությունը նախատեսել են ուրբաթ, ռեստորանում տեղեր են ամրագրել, ու հիմա ստացվում է, որ այդ արարողությունը ավելի շուտ է լինելու, քան «Վերջին զանգը»:  

«Քանի որ ուսումնական պլանում նշվում է, որ հնգօրյա դպրոցներում դասերը ավարտվում են ամսի 24-ին, վեցօրյաներում՝ ամսի 25-ին, այդտեղից է նման կարծիք առաջացել, բայց բոլորին արդեն տեղեկացվել է, որ վերջին զանգը հանրապետությունում կհնչի մայիսի 24-ին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նա նաեւ նկատեց, որ դպրոցի ավարտական միջոցառմանը նախորդող դրամահավաքների վերաբերյալ ավանդական ահազանգերը շեշտակի նվազել են: Հայտնի է, որ ամեն տարի այս ժամանակահատվածում ծնողները կանգնում էին աստղաբաշխական գումարներ հավաքելու բարդ խնդրի առաջ. կա՛մ պետք է մերժեին, կա՛մ էլ հոգային մեծամեծ նվերների եւ ճոխ միջոցառումների ու երեկույթների ծախսերը: