«Գահերի խաղի» երկրպագուներն իրենց երեխաներին անվանում են սերիալի հերոսների անուններով

ԱՄՆ-ում «Գահերի խաղը» սերիալն այնքան հայտնի է, որ ֆիլմի ֆանատ-ծնողները սկսել են իրենց երեխաներին տալ գրող Մարտինի հորինած անունները։ 360tv.ru կայքը, հղում անելով Business Insider-ին, գրում է, որ Սոցիալական ապահովության ծառայության տվյալներով, միայն նախորդ տարի ԱՄՆ-ում հայտնվել է 560 աղջիկ Կխալիսի անունով, ինչը գոյություն չունեցող դոթրակիերեն լեզվից նշանակում է «թագուհի»։

Ամերիկացի աղջիկների շրջանում սերիալից ամենահայտնին Արյա անունն է։ Ֆիլմի հերոսուհիներից մեկի՝ Արյա Սթարկի պատվին 2545 նորածին աղջկա են կոչել։

Այս երկու անուններն ԱՄՆ-ում ընդգրկված են նորածինների համար ամենահայտնի հազար անվան ցանկում։ Այս տարի այդ անուններով իրենց երեխաներին անվանել ցանկացողների թիվն ավելացել է

Այժմ ընթանում է սերիալի վերջին եթերաշրջանը։ Երկրպագուները հրաժեշտ կտան իրենց սիրելի հերոսներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան, որը 2019-ի ամենասպասված սերիալն է։ Նախորդ սեզոնի յուրաքանչյուր դրվագը ողջ աշխարհում դիտել է ավելի քան 30 մլն մարդ։  8-րդ սեզոնի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ։ HBO-ից հայտնել էին, որ նման դիտողականությունը ռեկորդային է ֆիլմաշարի համար, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում։

«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։

Աղբյուր` Panorama.am