Այսօր, մինչ ավագանու նիստի օրակարգին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին: Նա ասաց, որ այս պահին բոլոր պետական մամիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, կան աշխատավարձեր, որոնք ցածր են և փոխհատուցվում են պարգևավճարներով.
«Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ գնալ, գնալ բաց, թափանցիկ ճանապարհով, այն, ինչ կոչվում է աշխատավարձ + պարգևավճար, բերել աշխատավարձի դաշտ: Գոյություն ունի հաստատված բյուջե, որը ներառում է հաստատված պարգևավճարների չափը: Այս բարձրացումը տեղավորվում է այդ բյուջեի մեջ՝ պարգևավճարները վերածվելու են աշխատավարձերի»:
Մարությանը խոսել է աշխատավարձերի բարձրացման դրական կողմերի մասին: Նա նշել է, որ խոսքը 1700 աշխատակցի մասին է:
«Մարդիկ կիմանան վստահ, որ ամսական ստանում են իքս գումար, աշխատանքի ընթացքում կմտածեն աշխատանքի մասին, ոչ թե` ինչպես են հոգալու իրենց հոգսերը: Սա կբերի հստակություն: Շատ ընտանիքներ կարող են հիպոթեքներ վերցնել՝ առանց մտածելու` էսօր կլինի՞, թե՞ չի լինի պարգևավճար, սա կօգնի հատկապես երիտասարդ ընտանքիներին: Մենք կարող ենք հանգիստ սկսել լավ կադրերի հավաքագրումը, որովհետև երբ մենք խոսում են լավ կադրերի հետ և ասում, որ քո աշխատավարձը էսքան է, բայց կլինեն պարգևներ, շատ որակյալ կադրեր հրաժարվում են քաղաքապետարանում աշխատանքի անցնել»:
Ինչ վերաբերում է կոնկրետ իր աշխատավարձին՝ Մարությանն ասել է, որ ինքը բավականին ապահովված է և կարիք չունի բարձր աշխատավարձի: Ի սկզբանե որոշված է եղել, որ բոլորինը կբարձրանա, իրենը՝ ոչ: Սակայն իրավաբաններն ասել են, որ առանց իր աշխատավարձը բարձրացնելու չի կարող բարձրանալ մյուսներինը: Ըստ այդմ, քաղաքապետը հայտարարեց, որ իր աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ, ավելացնելուց հետո այն կդառնա 800 հազար, և լրացուցիչ 400 հազարն ամսական կուղղվի բարեգործական նպատակների: