Երբ հակառակորդը կրակում է, մենք շատ խիստ ենք պատասխանում. Դավիթ Տոնոյան

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին «Եռտաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Մեկնաբանելով մայիսի սկզբին հակառակորդի կողմից հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները թիրախավորելու մասին տեղեկությունը, պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ նման խնդիրներ չծագեն։ «Երբ նման դեպքեր լինում են հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում և շատ խիստ ենք կրակում»,- հայտարարեց պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց: