Ուրախ եմ, որ հեռուստատեսությունը չփոխարինեց ռադիոյին. Մարինա Գրեգ

Աշխարհն այսօր նշում է ռադիոյի միջազգային օրը։ Օրվա խորհրդին ընդառաջ զրուցել ենք ռադիո Մարշալի հաղորդավարուհի Մարինա Գրեգի հետ։

Citylife.am- Ի՞նչ էներգիա է փոխանում Ձեզ ռադիոն, ունկնդիրների հետ ոչ տեսողական միջավայրու լինելով հանդերձ:

Մարինա- Երբ դեռ ռադիոյում չէի աշխատում, ավագ ընկերներս,ովքեր ռադիոյի՝ երկար տարիների փորձ ունեն, ասում էին, որ անհամեմատելի են ռադիոն ու հեռուստատեսությունը։ Լինելով առաջին հերթին հեռուստատեսության մարդ՝ հիմա վստահ կարող եմ ասել, որ ռադիոն ուրիշ է: Անբացատրելի է այն էներգիան, որը ստանում ես ռադիոլսողից, երբ գիտես, որ զուր չես այդքան վաղ արթնացել, երբ գիտես, որ արածդ գնահատվում է: Ռադիոն դուռ է, որը եթե բացեցիր, էլ չես ուզում փակել, այն ավելի շատ է կապում իրեն. շատ ուրախ եմ, որ ռադիոյի մի մասնիկն եմ դարձել:

Citylife.am- Երկու տարի առաջ ռադիո Մարշալում ստեղծվեց առավոտյան ծրագիրը, որքանո՞վ է պարտավորեցնող ռադիոունկնդիրներին ամեն օր բարի լույս մաղթելը:

Մարինա- Առավոտից ռադիոնախագիծը իմ աշխատանքային ջերմ հիշողությունների վերապրումն է, նույնը ես զգում էի, երբ դեռ 10 տարի առաջ աշխատում էի Դար 21 հեռուստաընկերությունում՝ սեր, ջերմություն, շնորհակալություն,մոտիվացիա, էներգիայի տարափ՝ սա է ինձ տալիս առավոտյան եթերը: Դու ես ստեղծում տրամադրություն, և շատ կարևոր է, թե ամեն օր ռադիոլսողին ինչ կփոխանցես: Ռադիոլսողը միանգամից հասկանում է՝ որքանով ես անկեղծ, ուրախ կամ ավելի ուրախ( հակառակը չի լինում 😊)

Citylife.am- Ի՞նչ կմաղթեք հայաստանյան ռադիոյում աշխատող բոլոր անձանց և իհարկե նրանց հավատարիմ ունկնդիրներին:

Մարինա- Ուրախ եմ, որ հեռուստատեսությունը չփոխարինեց ռադիոյին: Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս և այն մարդկաց, ովքեր կապ ունեն ռադիոյի հետ: Շարունակում ենք միասին բացահայտել ռադիոյի գրավիչ աշխարհը:

Հարցազրույցը Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/