Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ռադիոն դաստիարակչական առաքելություն է կատարում: Այն ոչ միայն պատերազմ հայտարարելու, բացասական տեղեկություններ հաղորդելու, այլև դրական էմոցիաներ փոխանցելու, բուժելու, խաղաղեցնելու, գեղեցիկ զգացողություններ արթնացնելու համար է: Ասում են ռադիոն, լինելով ոչ տեսողական լրատվամիջոց, այնպիսի հաղորդումներ, վիճակ, մթնոլորտ պետք է ստեղծի, որ ռադիոունկնդիրը տեսնի և հավատա քեզ:
Դե իսկ մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունեն ռադիոյի հետ: