Խարբերդի հայկական եկեղեցու ճակատագիրը անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցին

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության սյունակագիր Էրքան Բայն անդրադարձել է Թուրքիայի Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Ռըզայի թաղամասում գտնվող օսմանյան վերջին շրջանում կառուցված և այսօր կիսաքանդ վիճակում գտնվող հայկական բողոքական եկեղեցու ճակատագրին: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը:

1904-1907 թվականների ընթացքում կառուցված եկեղեցին, որը շուրջ 500 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, 1973 թվականին Դիարբեքիրի մշակութային և բնական հարստության պահպանության տարածքային վարչության կողմից ընդգրկվել է հատուկ պահպանության օբյեկտների ցանկում:

Ուշագրավ է, որ եկեղեցու դռան վրա կարելի է տեսնել հայերեն «Է» տառը, չնայած դրան՝ վարչության պաշտոնական կայքում տեղ գտած ցուցակում այն ներկայացված է որպես ասորական եկեղեցի:

Հոդվածի հեղինակը պարզել է, որ 114 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցու տարածքը սեփականաշնորհված է և պատկանում է Ստամբուլում բնակվող իրավաբան Սուլեյման Թյուրքերին:

Վերջինիս խոսքով՝ եկեղեցու վերականգնման համար շուրջ 2 միլիոն դոլար է անհրաժեշտ, և եթե պետությունը նման նախաձեռնությամբ հանդես գա, իրենք պատրաստ են աջակցել:

«Պատմական կառույցի վերականգնումը լուրջ ֆինանսավորում է պահանջում, եկեղեցու քարերը պետք է մեկ առ մեկ մշակվեն: Տարիներ առաջ որոշել էինք շենքը հյուրանոցի վերածել, անհրաժեշտ թույլտվություն էինք ստացել, սակայն հրաժարվեցինք, քանի որ նախագիծն այնքան էլ գրավիչ չէր: Եթե պետությունը ցանկություն հայտնի պետականացնել շենքը, մենք չենք առարկի: Պատմական եկեղեցին կարող են վերաբացել այցելուների համար, կամ որպես դահլիճ, ցուցասրահ օգտագործել», – ասել է Թյուրքերը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում