Կյանքը մշտական շարժում է պահանջում. Էմմա Կարապետյան

citylife.am զրուցել է լրագրող  և հայկական երրորդ հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էմմա Կարապետյանի հետ: Հեռուստահաղորդավարուհին հաջողության վերաբերյալ իր փոքրիկ գաղտնիքն է բացահայտում:

-Համարո՞ւմ եք ձեզ հաջողակ մարդ

-Այո, եթե սիրահարված ես աշխատանքիդ, ստիպված չես անել այն ինչ չես ցանկանում, կարող ես քեզ հաջողակ կոչել:  երբեք համաձայն չեմ եղել՝  «հաջողակ ծնվում են» մտքի հետ, վստահ եմ. հաջողակ դառնում են, դա  կվկայեն նաև հաջողակ մարդկանց պատմությունները, մարդիկ, որոնք,  ըստ էության ,չունենալով ոչինչ,  այժմ իրենց ոլորտի  գիտակներն ու առաջատարներն են՝ շնորհիվ համառ աշխատանքի ու նպատակասլացության:

-Ո՞րն է ձեր հաջողության բանաձևը

-Հաջողության բանաձևն ավելի պարզ է, քան պատկերացնում ենք.  բանալին գտնելը դժվար չէ. աշխատասիրություն, մշտապես կատարելագործման  ձգտում, նպատակասլացություն, համառություն.  Իմ բանաձևը ենթադրում է  մշտապես ձգտում ավելիին, կատարելապաշտ եմ, ինքնաքննադատ, երբեք չեմ գոհանում արդյունքով:Այդ հատկանիշը մի քիչ «վտանգավոր» է, որոշ իրավիճակներում նույնիսկ խանգարում է, բայց հաջողության ճանապարհին թերևս միայն օգնում է:

-Ո՞վ է ձեզ համար ամենահաջողակ մարդը

-Ծանոթ լինելով աշխարհի հաջողակների կենսագրությանը, համոզմունքս ավելի է ամրապնդվում . մարդիկ, որոնք չունենալով  ոչինչ այսօր գլխավորում են «Ֆորբսի» -ի ամենամյա ցուցակները, նպատակասլաց են, համառ , աշխատասեր,ի դեպ,  շատերը նույնիսկ բավականին պատկառելի տարիքում են հասել մեծ վերելքի: Նրանք վառ օրինակ են, ապացուցելու, որ հաջողակ լինել կարող է յուրաքանչյուրը՝ հաղթահարելով  վախերը, բայցերն ու ծուլությունը:

-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանում

-Կարծում եմ հարկավոր է ունենալ «առողջ »ամբիցիաներ, որոնք օգնում են ավելի լավ ու ճիշտ աշխատել: Պետք է սովորել  երբեմն «ոչ» ասել: Բավականին սկզբունքային եմ, իհարկե,  երբեմն վերանայում եմ այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշումս, բայց կան սկզբունքներ, որոնք մեր «ԵՍ»-ն են  կերտում, իսկ ինքներս մեզ դավաճանել չենք կարող:

-Փոփոխություններ, որոնք անհրաժեշտ եք համարում:

-Կյանքը մշտական շարժում է պահանջում , թելադրում է  անընդհատ կատարելագործվել , չդոփել տեղում: Նույնիսկ , երբ ունես այն ինչին ձգտել ու հասել ես, երբեք ուշ չէ նոր բան փորձելու, ու գուցե հաջողելու: Իմ առջև մեծ ու բարդ խնդիրներ եմ դնում,որոնք հաղթահարելուց հետո անցնում եմ մյուս փուլին: Հենց  այս մշտական շարժման ու  վազքի մեջ է կյանքը հետաքրքիր:

 

 

Լուսանկարները՝ Է. կարապետյանի անձնական պահոցից