Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարեւանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում եւ կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել եւ մեր ուսումն ենք առել այստեղ: Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն եւ որպես հող, մենք հոգեւոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգեւոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, եւ այս աթոռի առաքելությունն է` մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգեւոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:
Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք եւ ունեցանք: Հետեւաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, եւ ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի եւ սիրո, միասնության եւ տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլեւ մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետեւաբար, այս առիթոց մեկ անգամ եւս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թեւերով, եւ ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետեւ Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետեւաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ եւս այս մտածումներով եւ սպասումներով ողջունում եմ Ձեզ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում