Կարծում եմ այս պահին մեր ժողովրդին հարկավոր է ուրախ տրամադրություն պարգևող երգեր. Արման Անտոնյան

Երգիչ Գևորգ Մկրտչյանը և Օքսանա Ավդալյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ։ Սա նրանց առաջին համատեղ աշխատանքն է, սակայն երգահան և պրոդյուսեր Արման Անտոնյանի հետ Գևորգը արդեն որոշ ժամանակ է, ինչ համագործակցում է։ Արման Անտոնյանի խոսքով երկուսն էլ ունեն գեղեցիկ ձայնային տվյալներ, նաև բոլոր հնարավորությունները՝ համալրել հայկական էստրադայի շարքերը:

<<Այս երգը ոճային և ռիթմիկ առումով նորություն է և՛ իմ երգացանկում, և՛ հայկական էստրադայում: Կարծում եմ այս պահին մեր ժողովրդին հարկավոր է ուրախ տրամադրություն պարգևող երգեր: Ես կարծում եմ երգի հիմնական շեշտը ոչ միայն թեթև ու լսվող երաժշտությունն է, այլ նաև նորաոճ գործիքավորումն ու տաք արտասահմանյան մոտիվները>> ։

Մեզ հետ զրույցում Գևորգ Մկրտչյանը նշեց, որ երգի ընտրությունը եղել է իր և Օքսանայի պրոդյուսեր՝ Արման Անտոնյանի կողմից: Արմանի կարծիքով հենց այս երգը կարող էր դառնալ զուգերգ, և ինչ-որ չափով հավանության արժանանալ հանրության կողմից:

<<Սա արդեն մեր երկրորդ համագործակցությունն է Արման Անտոնյանի և «Antonyan Music Studio»-ի հետ: Այս տարվա ընթացքում կլինեն ևս մի քանի նոր նախագծեր, որոնց մասին կխոսեմ հանրության դատին հանձնելուց հետո>> ։

Օքսանան էլ հավելեց, որ առաջին իսկ վայրկյանից երգը հավանության արժանացավ նրանց կողմից, և որոշեցին առաջին երգը լինի զուգերգի տեսքով:

<<Սա իմ և Արման Անտոնյանի առաջին համագործակցությունն է, ինչի համար անչափ ուրախ եմ և շնորհակալ այս գեղեցիկ երգը ինձ վստահելու համար: 3. Առաջիկայում սպասվում են բավականին շատ նախագծեր: Կներկայանամ տարբեր ոճի երգերով, այս պահին կարող եմ ասել, որ հաջորդ նախագիծը կլինի բալլադային երգ՝ ավելի մեղեդային և հուզիչ>> ։

Հարցազրույց՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/