Ձեռքբերումների և կորուստների պահին հասկացել եմ, որ մարդուն տրված է երկու ձեռք. Ալիս Մելիքսեթյան

<<Բառախաղ>> դերասանուհի Ալիս Մելիքսեթյանի հետ։

Մանկություն…

Ալիս– Թարմություն, անուշահոտ հացի բույր, շատ սեր, լիքը չարաճճիություն ու ռիսկեր, կանաչ երազներ, մաքրամաքուր հույզեր:

Կյանք…

Ալիս- Ալեգորիա: Իրականության մեջ այդքան անիրական և հակառակը: Շատերն են փորձել և փորձում ու կփորձեն վերծանել, հասկանալ կյանքի իմաստը, դա մարդկության ամենառաջնային գայթակղություններից մեկն է: Ըստ իս՝ այն ապրելն է, հենց ապրելու մեջ է, արդեն դու այստեղ ես հայտնվել, եկել ես որ ապրես, և ինչ էլ պատահի, ի վերջո ինձ հետաքրքիր է լավ, իսկ ի՞նչ է լինելու հետո, հաջորդ խաղաքարտը, որ բաց եմ ինչ եմ տեսնելու։

Երազանքներ…

Ալիս- Երազանքները կամ երազելը, վերջին ժամանակներում ինձ համար մեդիտացիայի նման բան է դարձել, ես կարողանում եմ ամբողջովին կտրվել ներկայից, իրականությունից, ընդհուպ մինչև չեմ զգում որտեղ է գտնվում մարմինս. և տանում եմ ինձ տեղավորում այնտեղ որտեղ, որ կուզենայի լինել կամ երևի պետք է լինեի կամ՝ կամ արդեն, բայց դա ոչ հաճախ եմ անում և ոչ միշտ զգում դրա կարիքը: Ես սիրում եմ կյանքը:

Նպատակ…

Ալիս- Պայքար, սիրել քեզ քո նպատակի համար, և ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես պայքարում, և անել ամեն ինչ, այդ թվում այնպես, որ սերդ չվերածվի հիասթափության

Վախ…

Ալիս– Չեմ սիրում առհասարակ վախկոտներին: Ես միայն վախենում եմ, որ սկսեմ վախեր ունենալ, կորցնեմ ինքս ինձ, իմ զգոնությունը, գիտակից լինելը, իրավիճակին ոչ ադեկվատ: Ինքս ինձնից հեռվանամ:

Առաջընթաց…

Ալիս- Միակ բանը, որ կարող է մարդն ինքնուրույն, միայնակ անել ինքն իր համար, դա սեփական առաջընթացը, ինքնակրթությունը, ինքնազարգացումը և ինքնադաստիարակումը ապահովվելն է, առանց որևէ մեկի օժանդակությունը ակնկալելու: Սա հենց այն դեպքն է, որ դու մարդկանցից պետք է խլես քո մենակությունը, որ կարողանաս շարժվել սեփական իներցիայով հընթացս։

Ձեռքբերումներ…

Ալիս- Ձեռքբերումների և կորուստների պահին հասկացել եմ, որ մարդուն տրված է երկու ձեռք։

Ընտանիք…

Ալիս- Այն ամենը, որտեղ ամփոփվում է մարդը:

Ընկերներ…

Ալիս- Ընկերներ չեն ծնվում, ընկերներ դառնում են, և դա եզակի մարդկանց մոտ է ստացվում: Ընկերություն անել հանուն մարդու և ոչ թե պահի կամ պատասխանատվությունից ելնելով կամ էլ միայնակ մնալու վախից: Ոչ թե գտնել ժամանակ, այլ ստեղծել, եթե ընկերդ զգում է քո կարիքը:

Ապագա…

Ալիս- Լավագույնը՝ առջևում է։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/