
Հուլիսի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ <<Հարսանիք թիկունքում>> ներկայացման Երևանյան պրեմիերան։ Նույն օրն առավոտյան տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, թատրոնի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և ներկայացման երաժշտության հեղինակ Հայկոն, պատասխանեցին լրագրողների հարցերին։ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ ներկայացումը հյուրախաղերով հանդես կգա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ արտասահմանից արդեն կան հրավերներ։ Ներկայացման բեմադրիչ-ռեժիսոր Լ. Հարությունյանի խոսքերով՝ ներկայացումը ամբողջովին բեմադրված է իրական դեպքերի հիմնման վրա։ Այն Գյումրեցի տղայի մասին է, ով զոհվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ռեժիսորը նաև նշեց, որ այս ներկայացումը ոչ միայն ապրիլյան հերոսների մասին է, այլև հերոս ծնած մայրերի։ Գյումրու թատրոնի տնօրեն Տ. Վիրաբյանը մեծ ոգևորությամբ ասաց, որ մեկուկես ամսվա ընթացքում եղել է 12-ներկայացում, որի ընթացքում սպառվել է մոտավորապես տասը հազար տոմս։ Քանի որ ներկայացման ամբողջ ծախսերն արդեն հոգացել են, այսուհետ յուրաքանչյուր վաճառված տոմսի գումար տրամադրվելու է միմիայն թատրոնի բարելավման համար։ Տիգրանը նաև նշեց, որ Երևանում տոմսերի գնային սանդղակը բավականին բարձր է եղել՝ 2000-5000 դրամ, սակայն հանդիսատեսն անգամ այդ ամենին ուշադրություն չի դարձրել։
Պետք է խոստովանենք, որ թեման յուրաքանչյուր հայի համար խոցելի է, դրա վառ ապացույցն էր ներկայացման դահլիճի լեփ ֊լեցուն լինելը։ Ներկայացումից հետո մոտավորապես վեց րոպե անդաթար հնչեցին ծափողջույններ, իսկ հանդիսատեսի աչքերը թաց էին։ Սա արդեն իսկ մեծ ապացույցն է նրա, որ ներկայացումը ստացված է թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում։ Վերջում հավելենք, որ Երևանում դեռևս երկու ներկայացում է սպասվում, իսկ տոմսերն ամբողջովին սպառված են։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/