Ուզում եմ հավատալ, և նույն հավատը փոխանցել նաև ընթերցողին. Արմեն Նիազյան

Citylife.am-ի զրուցակիցն է «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի հեղինակ՝ Արմեն Նիազյանը:

Citylife.am- Արմեն՛, ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է գրչին հանձնել Ձեր մտածածն ու զգացածը։

Արմեն- Եթե չեմ սխալվում, առաջին բանաստեղծությունս գրել եմ 8-9 տարեկանում. ինչ-որ կենդանու մասին էր: Դպրոցական տարիներին «Գարուն» ամսագրին կից գործող մանկապատանեկան ստեղծագործական մի խմբակի անդամ էի, սիրում էի գրել, ընթերցել, հետաքրքրված էի թե՛ հայ, թե՛ համաշխարհային գրականությամբ: Թերևս, այդ սիրո և հետաքրքրության համար պարտական եմ և՛ ծնողներիս, և՛ հայոց լեզվի ուսոցիչներիս, մասնավորապես` Սերգեյ Սողոմոնյանին (N64 դպրոց) և Ֆենյա Գառնիկյանին (N2 վարժարան): Այդ ամենով հանդերձ՝ երբևէ գիրք գրելու մտադրություն չեմ ունեցել: Մի քանի տարի առաջ սոց. ցանցերում սկսեցի հրապարակել պատմվածքներից որոշները, և դրանք մեծ արձագանք գտան ընթերցողների շրջանում: Սկսեցի ստանալ նամակներ, որտեղ ընթերցողները շնորհակալություն էին հայտնում, ասում, որ գրվածքները ինչ-որ բան փոխեցին իրենց մեջ, մի քանի ուսուցիչներ գրեցին, որ ավագ դասարաններում պատմվածքների հիման վրա բաց դասեր ու քննարկումներ են անում, մի կին գրեց, որ կարդալով պատմվածքներից մեկը, հրաժարվել է աբորտի գնալ: Դեպքերի նման զարգացումն էլ հիմք դարձավ գրքի լույս ընծայմանը. այդտեղ թերևս մեծ է նաև Արթուր Իսպիրյանի դերակատարումը, ով սոց. ցանցերից կարդալով պատմվածքները, նախաձեռնեց մեր հանդիպումը, ծանոթությունը, հետո էլ ձեռնամուխ եղավ «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի առաջին հրատարակությանը. Դա դեռևս 2016 թ.-ի նոյեմբերն էր:

Citylife.am- Գիրքը մի քանի ամսում շատ մեծ ճանաչում ունեցավ, և մայիս ամսվա ամենաընթերցված գիրքն է համարվում։ Այս արդյունքն առիթ կհանդիսանա՞ նոր գրքեր հրատարակելու համար։

Արմեն- Գիրքը առաջին անգամ տպագրվել է 2016 թ-ի նոյեմբերին, և մեկ տարին դեռ չբոլորած՝ ավարտվեց ամբողջ տպաքանակը: Գրախանութները, հրատարակիչներն ու որոշ ընկերներ թերահավատորեն էին մոտենում գրքի հաջողությանը՝ նախապես զգուշացնելով, որ շատ դժվար է գրքի շուկայում ունենալ հաջողություն, առավել ևս՝ եթե չունես ծանոթ գրականագետներ, լեզվաբաններ, մարդիկ, ովքեր «առաջ կտանեն», և այլն: Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ գնացի գրախանութ՝ առաջարկելու գիրքը, հրաժարվեցին 3 հատից ավել վերցնել: Բայց դա միայն առաջին անգամն էր: Գիրքը երկրորդ անգամ հրատարակվեց 2018 թ-ի մարտին և միանգամից տեղ զբաղեցրեց լավագույն տասնյակներում՝ դառնալով թե՛ շաբաթների բեսթսելեր, թե՛ ապրիլ ամսվա: Իսկ մայիսին արդեն գլխավորեց բեսթսելերների շարքը, ինչը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող: Նոր գրքի գաղափարներ կան, ընթացքի մեջ է: Սակայն դա բխում է ոչ այնքան այս գրքի հաջողությունից, որքան ասելիքից, որ ցանկանում եմ փոխանցել ընթերցողին: Եթե կա արդիական և կարևոր խոսք, թեմա, որ հոգեհարազատ կլինի ընթերցողին, ապա այն, կարծում եմ, հաջողություն կգտնի: Թեև, ինչ խոսք, «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի հաջողությունն իր դրական և անուրանալի ազդեցությունը ունի այդ հարցում:

Citylife.am- Գիրքը սովորեցնում է օգնել և բռնել այն մարդկանց ձեռքն, ովքեր ունեն մեր կարիքը, սակայն ամեն մարդ յուրովի է հասկանում այն։ Ըստ Ձեզ ո՞րն է գրքի բուն ասելիքը։

Արմեն- Փակել բացված դռները, չմեկուսանալ հասարակությունից, դուրս գալ եսասիրության ու էգոիզմի մոլորակից, հասկանալ, որ մենք՝ մարդիկս, ունենք միմյանց կարիքը: Ես քո կարիքն ունեմ, դու՝ իմ: Առանց այդ պարզ, մարդկային, անշահախնդիր փոխհարաբերության՝ մենք չենք կարող լինել երջանիկ ու ժպտալ լիարժեք: Անկախ մեր սոցիալական դիրքից, ունեցած-չունեցածից՝ մենք հարկավոր ենք միմյանց, և միայն այդպես՝ իրար ձեռք բռնած, կկարողանանք հաղթահարել ամեն դժվարություն:

Citylife.am- Մեր կյանքը նման է հեքիաթի, իսկ մենք՝ մեր իսկ հեքիաթի հերոսներն ենք”, որ հեքիաթին կնմանեցնեք Ձեր կյանքը։

Արմեն- Յուրաքանչյուրս ունենք հենց մե՛ր հեքիաթը: Մենք ենք կառուցում այն, մենք ենք անցնում այդ հեքիաթի նեղ կամ լայն ճանապարհներով, մենք ենք որոշում այդ հեքիաթում սիրել կամ ատել, արհամարհել կամ պատվել, չարանալ կամ ներել: Ուզում եմ հավատալ, և նույն հավատը փոխանցել նաև ընթերցողին, որ յուրաքանչյուր հեքիաթ, ի վերջո, լավ ավարտ է ունենում, ուստի այն ժամանակ էլ, երբ անցնում ենք մեր հեքիաթի մութ ու քարքարոտ ճանապարհներով, լցված լինենք հույսով ու հավատով, ու երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվենք:

Citylife.am- “Թող քո միջի արևը երբեք մայր չմտնի, այն պետք է թե՛ քեզ, թե՛ քո շրջապատի մարդկանց”, ինչպե՞ս եք դուք Ձեր միջի արևը տալիս Ձեր շրջապատի մարդկանց։

Արմեն- Ամենայն հայոց բանաստեղծն ունի տողեր, որ միշտ արդիական են՝ «Գործն է անմահ, լավ իմացեք…»: Մենք պետք է հասկանանք, որ հավերժ չենք երկրի վրա: Ինչ-որ մի օր ամենքս էլ լքելու ենք այս երկիրը. հարցը հետևյալն է՝ ի՞նչ հետագիծ եմ թողնում, ի՞նչ իմաստ ու նպատակ էր հետապնդում իմ կյանքը: Արդյոք կարողացա՞ ինչ-որ դրական, բարի, ջերմ ու լուսավոր բան թողնել այլոց կյանքում: Մարդիկ մեր միջի արևի կարիքը, այո՛, շատ ունեն: Ու հավատացեք՝ այդ արևը կա յուրաքանչյուրիս մեջ: Այդ արևը մենք տալիս ենք մարդկանց աներևակայելի պարզ ճանապարհներով՝ միասին մի գավաթ թեյ կամ սուրճ խմելով, իրար ձեռք սեղմելով, գրկախառնվելով, միմյանց աչքերի մեջ նայելով, մի բարի բան անելով:

Citylife.am- “Ուժեղ են նրանք, ովքեր դիմակայում են փորձությանն ու խնդրին, ուժ գտնում ու առաջ գնում, թե չէ մի պարանի կտոր գտնելն այնքան հեշտ է…” ինչպե՞ս եք դուք հաղթահարում ցանկացած դժվարություն և խնդիր։

Արմեն- Դժվարությունները հաղթահարելու տարբերակներից մեկն առանձնացնեմ. հայացքս ուղղում եմ Երկինք, հաճախ եմ ուղղում: Եթե մարդիկ կարող են երբեմն չարդարացնել մեր սպասելիքները, երբեմն պատճառ դառնալ մեր արցունքների, ապա երկինքն այն վայրն է, ուր կարող եմ միշտ գտնել հանգստություն ու սփոփանք:

Citylife.am- Վերջում մեր զրույցն ավարտեք գրքի այն հատվածով, կամ բանաստեղծությամբ, որը կցանկանայիք յուրաքանչյուրն իմանար։

Արմեն- Այդպիսի հատվածները շատ են, բայց առանձնացնեմ մեկը՝ «Երբեմն մեզ թվում է, թե մենք փողի, հարուստ տնտեսության ու բարձր աշխատավարձերի կարիք ունենք, և դրանց պակասն է մարդկանց հաճախ ավելի չարացնում… չէ՜, մենք սիրո պակաս ունենք, սեր՝ մեկս մյուսի նկատմամբ»: Կուզենայի ավելի շատ մտածեինք հավիտենականի մասին, քան ժամանակավորի, ավելի շատ ուրախացնելու, քան ուրախանալու, ավելի շատ սիրելու, քան սիրվելու մասին:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/